NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ցմահ դատապարտյալների հարազատների դիմումը ՀՀ նախագահին
Հունիսի 26-ին Հայաստանի Հանրապետությունում 80 ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատները ավելի քան 12,500 ստորագրությամբ դիմում են հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Ս. Սարգսյանին ու Հանրային Խորհրդի նախագահ Վ. Մանուկյանին։
Նախագահի նստավայրում ցմահ դատապարտյալների հարազատների 11 հոգուց կազմված պատվիրակությանն ընդունեց ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության առաջին բաժնի վարիչ պրն Արծրուն Թորոսյանը, որը դիմումն ընթերցելուց հետո խոստացել է ներկայացնել խնդիրը երկրի Նախագահին:
Դատապարտյալների հարազատներին ընդունել է նաեւ Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, որը եւս խոստացել է զբաղվել առաջադրված խնդիրներով: Դիմումի ամբողջական տեքստը կցվում է ստորև։
ՀՀ Նախագահ Պրն. Սերժ Սարգսյանին
ՀՀ Հանրային Խորհրդի Նախագահ Պրն. Վ. Մանուկյանին
ՀՀ քաղաքացիներիներից
26 հունիս, 2009թ.
ԴԻՄՈՒՄ
Հարգարժան Պրն. Նախագահ,
Մենք՝ Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս, ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել ցմահ դատապարտվածների խնդրի վրա։
Անվիճելի է, որ ՀՀ Քրեական օրենսգրքում կան մի շարք բացթողումներ, հակասություններ եւ անհստակություններ, որոնց ուղղումը համարում ենք անհետաձգելի։ Այդ սխալները անհնար են դարձնում Հայաստանի Հանրապետությունում արդարադատության իրականացման գործընթացներում կամայականությունների բացառումը։
Ցմահ ազատազրկման դատապարտվածները բաժանվում են երկու կատեգորիաների։ Ամեն մի կատեգորիան իր մեջ ընդգրկում է 40 ցմահ ազատազրկման դատապարտված քաղաքացի։
Առաջին կատեգորիան կազմված է նախկին մահապարտներից, որոնց նկատմամբ քրեական գործերը հարուցվել են 1990 թվից մինչեւ 2003 թվի օգոստոս ամիսը, (այսինքն՝ մինչեւ քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը)։ Իսկ երկրորդ կատեգորիան կազմված է դատապարտյալներից, որոնց նկատմամբ քրեական գործերը հարուցվել են 2003 թվի օգոստոս ամսից հետո (այսինքն՝ քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո)։
Առաջին կատեգորիան կազմող դատապարտյալները նախագահ Ռ. Քոչարյանի կողմից «ներման» են արժանացել 2003 թվի օգոստոսի 1-ին։ Նրանց պատիժը փոխվել է ցմահ ազատազրկման։ Ներումով, ինչպես նաեւ դրան անմիջապես նախորդող ԱԺ-ում տեղի ունեցած «Քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքի ընդունմամբ, ապա նաեւ 2006 թվին այդ օրենքի փոփոխմամբ ու Երեբունի-Նուբարաշեն համայնքի դատարանի կողմից 42 նախկին մահապարտների պատիժները ցմահ ազատազրկումով փոխարինելով խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենսգրքերով ամրագրված բազմաթիվ օրենքներ։ Այդ խախտումների արդյունքում ծնվեց մի անարդարության պատմություն, որը ծանոթ է որպես «42 -ի խնդիր»։
Երկրորդ կատեգորիային պատկանող դատապարտյալների նկատմամբ ցմահ ազատազրկում պատիժը նշանակվել է հաճախ դատարանների ու դատախազների կամայական որոշումների արդյունքում։ Այդ կամայականությունների ակունքը ՀՀ օրենքներում հակասությունների եւ անհստակ ձեւակերպումների առկայությունն է, որը ծնում է կոռուպցիոն ռիսկերի մի ամբողջ համաստեղություն։ Մենք ցանկանանում ենք նվազագույնի հասցնել դատավորների ու դատախազների կողմից կամայական որոշումների կայացման հնարավորությունները։
Այս դիմումով ցանկանում ենք Ձեզ հաղորդել խնդրի լուծման մասին մեր պատկերացումները։
Առաջին կատեգորիայի, այսինքն «42-ի խնդրի» լուծման համար, առաջարկում ենք բեկանել նախկին նախագահ պրն. Քոչարյանի 2003 թվի օգոստոսի 1-ի «ներման» հրամանագիրը, որն, ի դեպ, արդեն կասկածի տակ դրվեց Ա.Ժ-ի կողմից, երբ 2006 թվականին ընդունած՝ «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքն ընդունելով։ Առաջարկում ենք նաեւ բեկանել 2006 թվի օգոստոսի 8-ին, Շենգավիթ-Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում կայացված այն որոշումները, որոնք նախկին մահապարտների պատիժները համապատասխանեցնում էին ցմահ ազատազրկում պատժատեսակի հետ։
Երկրորդ կատեգորիայի դատապարտյալներին վերաբերվող խնդիրների լուծումը մենք տեսնում ենք օրենսդրական փոփոխության ձեւով։ Օրենսդրական փոփոխություններ, ըստ մեր պատկերացումների, իրար ամբողջացնող չորս մասերից է բաղկացած։
Ա) 15 տարի ազատազրկումը 20-ով փոխարինելու հարցը
Քրեական օրենսգրքում 15 տարի ազատազրկումը ցմահ ազատազրկումից առաջ ամենամեղմ պատիժն է։ Այսինքն, դատավորները, ստիպված են լինում ցմահ ազատազրկում պատիժ որոշել ամեն անգամ, երբ 15 տարի ազատազրկումը համարում են անբավարար։
Նման դեպքերում, եթե օրենքը հնարավոր դարձնի 15-ից բարձր ազատազրկում նշանակելը, դատավորներից շատերը ավելի քիչ հաճախ կհայտնվեն անարդար-չափազանցված պատիժ նշանակելու ստիպողության առաջ ու կկարողանան 15-ից բարձր մինչեւ 20 տարի ազատազրկման որեւէ պատիժ որոշել։
Քրեական օրեսգրքում ցմահ ազատազրկումը, որպես պատիժ նախատեսող հոդվածները հետեւյալներն են.- 104, 305, 387, 388, 389, 390։ Առաջարկում ենք այս բոլոր հոդվածներում որպես պատիժ նախատեսված լինի ցմահ ազատազրկումից բացի նաեւ մինչեւ 20 տարի ազատազրկում ձեւը, 15-ի փոխարեն։
Ինչպես ԱՊՀ մյուս երրներում է այն սրբագրվել, (Ռուսաստանում ու վերջերս նաեւ Վրաստանում), Հայաստանում հարկավոր է նույնպես սույն խնդիրը վերանայել ու սրբագրել։
Բ) «Ցմահ ազատազրկում» պատժատեսակի սահմանման հարցը
Քրեական օրեսգրքում հստակ սահմանված չէ «ցմահ ազատազրկում» պատիժը։
Ի՞նչ դեպքերում է, որ կարելի է նշանակել այն, ու հակառակը. ե՞րբ դրա, որպես պատժի, օգտագործումը պետք է համարվի սխալ։ Եվ ի վերջո, ի՞նչ նպատակներ է հետապնդում ցմահ ազատազրկումը, եւ որոնք են այն նպատակները, որոնք 15 տարվա ազատազրկման միջոցով հասանելի չեն։
Մի խոսքով, անհրաժեշտ է քրեական օրենսգրքում հստակություն մտցնել այս հարցով։ Այսինքն պետք է տրվի «ցմահ ազատազրկում» պատժատեսակի ամբողջական սահմանումը, ինչպես նաեւ հստակորեն նշվի, ոչ միայն թե որ դեպքերի/հանցանքների համար է այն նախատեսված, այլեւ՝ թե ո՛ր տիպի հանցագործների համար է այն օգտագործելի։
Քաղաքակիրթ բոլոր երկրներն իրենց օրենքներում արդեն իսկ նման հստակեցում կատարել են։
Գ) Քրեական օրենսգրքի 39 հոդվածի 1-ին մասի հարցը
ՀՀ Քրեական օրենսգրքի 39-րդ հոդվածում նշվում է հետեւյալը՝ «Համակատարողները հանցագործության համար ենթակա են պատասխանատվության սույն օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով»։
Այս հոդվածը խիստ անհստակ է, քանի որ չի բացատրում թե ի՞նչ է նշանակում «համակատարող» եւ թե ո՞վ կարող է համարվել «համակատարող»։
Այս հոդվածը հստակորեն հակասում է նույն Քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասին եւ 4-րդ եւ 8-րդ հոդվածներին։ Դատավորներն ու դատախազությունը, 39-րդ հոդվածի առաջին մասի միջոցով հնարավորություն են ստանում կասկածյալներին վերագրել հանցակցություն, առանց մեղքի մասնավորեցման, որը օրենքի պահանջ է (ՀՀ քր. օր-ի 8-րդ հոդված)։
Քանի որ նման հոդվածների գործարկման միջոցով, դատախազությունն ու դատարանները կարող են կոնկրետ հանցանքը կատարած անձից բացի կամայկանություն դրսեւորել ու մեղադրել նաեւ կոնկրետ հանցանքի հետ ոչ մի առնչություն չունեցող քաղաքացիների, առաջարկում ենք 39-րդ հոդվածի առաջին մասի վերացումը։
Դ) Վաղաժամկետ ազատման խնդիրը
Այսօր ցմահ ազատազրկման դատապարտվածներն իրավունք ունեն վաղաժամկետ ազատման համար դիմել միայն 20 տարի փակ ռեժիմի կալանքը կրելուց հետո։
Քանի որ հնարավոր չէ բացառել դատապարտյալի ուղղումն ու հասարակության համար վտանգ լինելու հանգամանքի վերացումը, անհրաժեշտ է թույլ տալ ցմահ ազատազրկման դատապարտվածներին վաղաժամկետ ազատման համար դիմել իրենց կալանքի 15 տարին ավարտելուց հետո։
Օրենսդրական այս բարեփոխման արդյունքում, նաեւ ցմահ ազատազրկում վճիռները նշանակալիորեն նվազ հաճախակի ու կամայական կդառնան։ Հնարավոր կդառնա 80 ցմահականների գործերի վերանայումը, ինչը թույլ կտա պարզել, թե իրո՞ք նրանցից ոչ մեկի պատիժը չափազանցումներ չի պարունակում իր մեջ։ Կարծում ենք, որ այս առաջարկությունները տեղավորվում են նաեւ դատաիրավական բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում։
Հարգարժան Պրն. Նախագահ սույն առաջարկությամբ ցանկանում ենք ավելի արդար Հայաստան կառուցելու Ձեր ջանքերին մեր մասնակցությունը բերել, քանի որ մենք հավատում ենք Ձեզ։
Հարգանքներով՝
Ցմահ դատապարտյալների խնդրի լուծմամբ շահագրգիռ քաղաքացիներ
(ստորագրությունները կցվում են)
