Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան

Ս.թ-ի հունիսի 8-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երկու դիմում է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան: 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասի անորոշությունը պայմաններ է ստեղծել դրա կամայական մեկնաբանման և կիրառման համար, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան' խնդրելով որոշել ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասի' ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածին, 18 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 19 հոդվածի 1-ին մասին, 20 հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 27 հոդվածի 1-ին մասին, 42 հոդվածի 2-րդ մասին և 43 հոդվածին համապատասխանության հարցը: 

ՍԴ դիմելու համար հիմք է հանդիսացել նաև այն հանգամանքը, որ վիճարկվող նորմի դիսպոզիցիայի կիրառմամբ մի շարք փաստաբանների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել' նրանց կողմից դատական նիստերի դահլիճը լքելու կապակցությամբ: Միաժամանակ, նկատի ունենալով, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 38 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է մինչև հինգ տարի ժամկետով, եթե փաստաբանը մեղադրվում է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, որը կապված է նրա փաստաբանական գործունեության հետ, և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 1-ին մասով, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը միջնորդել է վիճարկվող նորմի գործողությունը կասեցնել:   

Նշված խնդրի կապակցությամբ Պաշտպանին է դիմել նաև ՀՀ Փաստաբանների պալատի նախագահը:  

Պաշտպանի կողմից ՍԴ ներկայացված երկրորդ դիմումը վերաբերում է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասին և 19 հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցին: 

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածը նոր խմբագրությամբ է շարադրում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228 հոդվածի 2-րդ մասը, որը սահմանում այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման: 

Պաշտպանը գտնում է, որ վճիռների բեկանման ինստիտուտը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ վերոնշյալ օրենքով փոփոխություններ կատարելուց հետո ներկայիս կարգավորմամբ բավարար կերպ չի երաշխավորում դատական պաշտպանության իրավունքը, դրա իրականացման լիարժեքությունը, քանի որ գործին մասնակից չդարձաց անձանց իրավունքների և ազատությունների վերաբերյալ կայացված վճիռը բեկանման ենթակա լինելու հիմք չնախատեսելու, հետևաբար, նաև՝ արդարադատության արդյունավետության, բավարար մատչելիության իրավական երաշխիքներ չապահովելու առումով չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: