NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Պաշտպանի հայտարարությունը համաներում հայտարարելու վերաբերյալ
Սույն թվականի մայիսի 28-ին Հայաստանի առաջին Հանրապետության 91-ամյակի կապակցությամբ Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիր այցելության ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, «... կոչ եմ անում քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին, Հանրային խորհրդին, որպեսզի նրանք իրենց առաջարկությունները` համաներման անհրաժեշտության մասին ու համաներման պայմանների մասին, ներկայացնեն նախագահական նստավայր...»:
Որպես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան պարբերաբար իրականացնելով մարդու իրավունքների ոլորտին վերաբերող վերլուծություններ և քաջատեղյակ լինելով հանրությանը հուզող խնդիրներին` գտնում եմ, որ հասարակական համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտի առողջացման տեսանկյունից այսօր հասունացած է համաներում հայտարարելու անհրաժեշտությունը: Ուստի, առաջարկում եմ ՀՀ Նախագահին հանդես գալ համաներման հայտարարությամբ և կոչ եմ անում քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին և Հանրային խորհրդին` օգտագործել ստեղծված բացառիկ հնարավորությունը և նույնպես դիմել ՀՀ Նախագահին` Ազգային ժողովին համաներում հայտարարելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու խնդրանքով:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
