Հայտարարություն քաղաքացիական ինքնապաշտպանության նախաձեռնության մասին

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը

Վերջին ժամանակներս Հայաստանի Հանրապետությունում ծեծի, սպառնալիքների և ճնշումների տեսքով տեղի են ունենում հրապարակային և ցուցադրական բռնություններ քաղաքացիների, հասարակական ակտիվ երիտասարդների, լրագրողների նկատմամբ: Միևնույն ժամանակ, ըստ պաշտոնական տեղեկությունների, այս տարվա միայն առաջին եռամսյակում 57%-ով ավելացել է քրեական հանցագործությունների թիվը: Առանձին գնահատականներով միայն չորս ամսվա ընթացքում ինքնասպանությունների թիվը հասնում է մոտ 150-ի: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իրավապահ մարմինները, որոնք կոչված են ապահովելու քաղաքացիների անվտանգությունը, կանխարգելելու հանցագործությունները, վերջապես նպաստելու երկրում անվտանգ ապրելու երաշխիքների ստեղծմանը, փաստորեն անունակ են դարձել` նշված խնդիրները լուծելու:

Քաղաքական և հասարակական ընդդիմադիր գործիչների դեմ կիրառված բռնությունների նկատմամբ իրավապահ մարմինների կանխամտածված անգործությունը կարող է ունենալ միայն մեկ բացատրություն. Հայաստանի քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին օգտագործում է միայն որպես քաղաքական գործիք` բարոյազրկելով և հեղինակազրկելով վերջիններիս: Դեռևս 2008թ-ից լրագրողների, հասարակական, քաղաքական և իրավապաշտպան գործիչների նկատմամբ բռնություններ գործադրող անձանց չբացահայտումը անպատժելիության մթնոլորտ է ձևավորում քրեական հանցագործություններ կատարող խմբերի մոտ, ավելին` վերջիններիս անպատժելիության երաշխավորողներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության իշխանական կառույցները և գործիչները:

Ստեղծվել է իրավիճակ, երբ փաստորեն Հայաստանում չեն պահպանվում քաղաքացիների սահմանադրական իրավունքները, չի գործում օրենքի գերիշխանությունը, և վտանգված է քաղաքացիների ապրելը և գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում:

Այս իրավիճակի կապակցությամբ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է.

իշխանությունների կանխամտածված անգործությունը և ծրագրավորված հանցավոր գործողությունները ապակայունացնում են երկիրը, որի պայմաններում միակ տարբերակը կարող է համարվել քաղաքացիների կողմից իրենց պաշտպանելու հնարավոր ուղիներ և միջոցներ գտնելը:

Եթե շուտափույթ քայլեր չձեռնարկվեն ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների իրականացման ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրենք կստանձնեն իրենց ինքնապաշտպանությունը` իրենց համար հնարավոր և ընդունելի ձևերով: Այս ինքնապաշտպանությունն ուղղված է անօրինականությունների և բռնությունների դեմ` համաձայն` «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» սկզբունքների, այն է `պետությունը չպետք է ընդունի օրենքներ` «որպեսզի մարդը հարկադրված չլինի դիմելու ապստամբության ընդդեմ բռնակալության ու ճնշման` որպես վերջնական միջոցի, կարևոր է իրավական պետության կողմից մարդու իրավունքների պաշտպանությունը»....