Մարդու իրավունքների պաշտպան՝ Հերթական բռնությունը լրագրողի նկատմամբ

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝

«Ս.թ-ի ապրիլի 30-ին հերթական անգամ լրագրող է բռնության ենթարկվել: Այս անգամ դաժան ծեծի է ենթարկվել ARMENIA Today լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է “Էրեբունի” բժշկական կենտրոն, սակայն լրագրողի ծանր վիճակում գտնվելու պատճառով չի հանդիպել նրան: Արգիշտի Կիվիրյանի կինը` Լուսինե Սահակյանը Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչներին հայտնեց, որ իրենք հակված են այն վարկածի, որ բռնարարքը պայմանավորված է Արգիշտի Կիվիրյանի լրագրողական գործունեության հետ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է անհամաձայնության արտահայտման այս խիստ վտանգավոր և արատավոր պրակտիկան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրագրողների նկատմամբ իրականացված բռնության գրեթե բոլոր նախկին դեպքերը չեն բացահայտվել, և այդ անպատժելիության մտնոլորտը բերում է նոր բռնարարաքների, Պաշտպանը կոչ է անում Ոստիկանությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները մեղավորներին բացահայտելու ուղղությամբ:»