NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԵԱՀԿ-ն կազմակերպում է հանդիպում զինված ուժերի աշխատակազմի` մարդու իրավունքների վերաբերյալ
Այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը /ԺՀՄԻԳ/ կազմակերպեցին կլոր սեղան Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների թեմայի շուրջ:
Հայաստանի Պաշտպանության նախարարությունում կազմակերպված միջոցառման առանցքում էին զինծառայողների` մարդու իրավունքները: Կառավարության, Ազգային ժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկեցին զինված ուժերի նկատմամբ վերահսկողության խնդրի շուրջ համագործակցության առավել արդյունավետ ուղիները:
ԺՀՄԻԳ-ի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրեցին ԵԱՀԿ տարածքում լավագույն փորձերը` բերելով համատեղ հրատարակված` ՙԶինծառայողների` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ուղեցույցում՚ զետեղված օրինակները: Ձեռնարկը ներկայացնում է զինված ուժերի աշխատակազմի հետ վարվելակերպի միջազգային կանոնակարգը և այս հանձնառությունները կյանքի կոչելու ուղիներ է մատնանշում: Հանդիպման մասնակիցները քննարկեցին ուղեցույցը Հայաստանի իրականության համատեքստում և ուսումնասիրեցին առաջարկների հնարավոր կիրառումը երկրում:
ՙԵԱՀԿ գրասենյակի առաջնահերթություններից է համագործակցությունը իշխանությունների հետ` զինծառայողների` մարդու իրավունքները առավելագույնս պաշտպանելու ուղղությամբ: Այսօրվա քննարկումը մեծապես նպաստեց դրան՚, - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը:
ԵԱՀԿ գրասենյակն օժանդակել է Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների բարելավման նախաձեռնություններին` երկրի անվտանգության ոլորտի բարեփոխման աջակցության շրջանակներում:
ԺՀՄԻԳ առաջին տեղակալ Թորլավ Նորդբոն հավելեց. ՙԵԱՀԿ մասնակից պետությունները հանձն են առել զինծառայողների նկատմամբ ցուցաբերել մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան վարվելակերպ և դա նաև լավ ռազմավարություն է բանակի համար` ինչպես որպես գործատու, այնպես էլ հանրային հաստատություն՚:
