NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հանձնաժողովը հերքում է
Պատիժը կրելուց պայմանական-վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը անդրադարձել է մի շարք թերթերի խմբագիրների հայտարարությունր:
Խմբագիրների հայտարարությամբ ապօրինի է որակվել Հանձնաժողովի մարտի 20-ին տեղի ունեցած նիստի այն որոշումը, որով հավանություն չէր տրվել «Ժամանակ-Երեւան» թերթի խմբագիր, դատապարտյալ Արման Բաբաջանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագրին:
Հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է. «Կեղծիքներ կատարելու մեջ հանձնաժողովին մեղադրել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, որի աշխատանքային վարքագծում՝ որպես հանձնաժողովի անդամի, սկանդալ բարձրացնելու անզուսպ մղումները պարբերական բնույթ են կրում։
Հանձնաժողովը ստահոդ եւ սադրիչ է որակում փաստաբանի հայտարարությունները, որոնց իրական շարժառիթները, համոզված է, հետագայում կպարզվեն եւ դրանց կտրվի համարժեք իրավական գնահատական»։
«Անկախ հանձնաժողովի մարտի 20-ի նիստին մասնակցել է հանձնաժողովի 7 անդամ, հարգելի պատճառով բացակայել է 1-ը։ Նիստում քննարկվել են 4 քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի՝ դատապարտված անձանց պատիժ կրելուց պայմանական-վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու միջնորդագրերի վերաբերյալ որոշումներին հավանություն տալու կամ չտալու հարցը։
Հանձնաժողովը 74 դատապարտյալներից 18-ի վերաբերյալ կայացրել է դրական որոշումմյուսների մասով վարչակազմի որոշումներին հավանություն չի տրվել. դրանց թվում էր նաեւ ՙԷրեբունի՚ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արման Բաբաջանյանի վերաբերյալ որոշումը։ Որոշմանը դեմ են քվեարկել հանձնաժողովի 7 անդամներից 5-ը, 2-ը կողմ են քվեարկել։ Հանձնաժողովը պահպանել է սահմանված իրավական ընթացակարգը, որոշում կայացնելիս եղել է անկաշկանդ։
Քվեարկության արդյունքները հավաստվել են հանձնաժողովի անդամների ստորագրությամբ։ Արձանագրության մեջ հետագայում փոփոխություն կատարելը բացառվում էր, որովհետեւ դրա համար անհրաժեշտ էր հանձնաժողովի բոլոր անդամների, այդ թվում՝ հայտարարությամբ հանդես եկած Նիկոլայ Բաղդասարյանի ստորագրությունը։ Չնայած այս պարզ պատճառաբանությանը՝ փաստաբանը, փաստորեն, հանձնաժողովի անդամներին մեղադրել է հանցագործություն, այն է՝ պաշտոնական կեղծիք կատարելու մեջ։
Հարկ է նշել, որ հանձնաժողովի կայացրած որոշումը դատական վերահսկողության եւ դատախազական հսկողության առարկա է։ Հանձնաժողովի փաստաբան անդամը կարող է որոշումը բողոքարկել, եթե կարծում է, որ խախտվել է օրինականությունը։
Համենայնդեպս, պրոֆեսիոնալ էթիկան ու պատասխանատվության զգացումը փաստաբանից այդ են պահանջում։ Հանձնաժողովի անդամները վստահ են, որ ճշմարտությունն անպայման կդառնա հասարակայնության սեփականությունը, իսկ հետագա աշխատանքներում հանձնաժողովը օրինական բոլոր միջոցներով հակազդելու է իրավական ինֆանտիլիզմին ու «բարոյական» ճնշումներին»,-ասվում է Հանձնաժողովի հայտարարության մեջ:
