NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գագիկ Ջհանգիրյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը այսօր 3 տարվա ազատազրկման դատապարտեց Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին:
Ըստ դատարանում հրապարակված դատավճռի, Գագիկ Ջհանգիրյանը անցյալ տարվա փետրվարի 23-ին «իրեն բերման ենթարկելիս չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների պահանջներին, ձեռքով հարվածել եւ ցավ է պատճառել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից Արման Հարությունյանին, պատռել է նույն վարչության աշխատակից Տիգրան Աղվանյանի բաճկոնի գրպանը»:
Գործով տուժող ճանաչված Արման Հարությունյանը դատարանում ցուցմունք էր տվել, որ Գագիկ Ջհանգիրյանը իրեն «հրել է», եւ ինքը «անսպասելիությունից վայր է ընկել», իսկ «ցավ [Ջհանգիրյանը] իրեն չի պատճառել»:
Թե’ մեղադրող Կորյուն Փիլոյանը` մեղադրական ճառում, թե’ դատավոր Ժորա Վարդանյանը` դատավճռում, նշել էին, որ «հաշվի են առել կատարված արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը»:
Նման դատավճիռը սպասելի էր ե’ւ Գագիկ Ջհանգիրյանի, ե’ւ նրա շահերի պաշտպանների համար: Ջհանգիրյանը դեռ մինչեւ դատավճռի հրապարակումը ներկաներին հորդորեց «տուրք չտալ զգացմունքներին»:
Իսկ նրա շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը դատավճռի հրապարակումից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Սպասելի էր, որովհետեւ մենք դատարանից արդարադատություն չէինք ակնկալում ի սկզբանե»:
Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ ելույթ էր ունենցել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության հանրահավաքում:
