NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Առաջարկում են փոփոխել ԶԼՄ օրենսդրությունը. Լրատվամիջոցով վիրավորանքը կարժենա 2 մլն դրամ
«Միասին» երիտասարդական շարժման կողմից «կաշառակեր» դասախոսների նկարները փողոցներում փակցնելը Տեղեկատվության և իրավունքի ինստիտուտի մոտ հասունացրել է ԶԼՄ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու պահը: Այսօրվա ասուլիսում փոփոխությունների նախագիծը ներկայացրեց իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, իրավաբանական ֆակուլտետի նախկին դասախոս, «Դիֆենս» իրավաբանական ընկերության տնօրեն Կարեն Անդրեասյանը:
Նա խոստովանեց, որ այդ միտքը իրենց հանգիստ չի տվել շուրջ մեկ տարի, և այդ հարցում վճռականությունն էլ ավելի է ավելացել «նման ցնցող պատմություների կրկնման» պարագայում: «Մեզ համար ցնցող էր տեսնել մեր պրոֆեսորադասախոսական անձնակազմի նկարները պատերին»,-ասաց նա, կարծիք հայտնելով, որ այդ հարցում մեղավորը ոչ թե լրատվամիջոցներն են, այլ օրենսդրական դաշտը: Առաջարկվող փոփոխություններն ընդունվելու դեպքում, ըստ հեղինակների, վերջ կտան տեղեկատվական ամենաթողությանը և կնպաստեն զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ վստահության ամրապնդմանը:
Այսպես. առաջարկվում է փոփոխություններ կատարել Քաղաքացիական օրենսգրքում` առաջարկելով փաստեր չունեցող զրպարտիչ խոսքի համար յուրաքանչյուր քաղաքացու կամ կազմակերպության համար սահմանել տուգանք 1 մլն դրամի չափով, եթե դա փաստ չէ, այլ կարծիք, ապա տուգանքը պետք է սահմանվի 500 հազար դրամ, իսկ եթե դա արել է լրատվամիջոցը, ապա տուգանքը կրկնապատկվում է: «Արտահայտվել ցանկացողներին չպետք է քրեական պատասխանատվության ենթարկել»,-կարծիք հայտնեց բանախոսը, ասելով, որ զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվության համար պետք է կիրառվի միայն տուգանք` քաղաքացիական օրենսգրքի շրջանակներում: Իրավաբանը առաջարկում է նաև հստակ ձևակերպել, թե որն է վիրավորանքը և որը զրպարտությունը: Նրանք նաև առաջարկում են, որ պատասխանատվությունից չի կարող ազատվել այն անձը, ով որևէ եղանակով կամ նպատակով կրկնել է արդեն իսկ արտահայտված վիրավորական գնահատականը: Ի դեպ, առաջարկվում է նաև մեղմացնող հանգամանքներ: Առաջարկություններն անելուց առաջ հեղինակները ուսումնասիրել են եվրոպական փորձը:
Տեղեկատվության և իրավունքի ինստիտուտը այս հարցի վերաբերյալ արդեն նամակ է հղել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: «Չցանկանալով համակերպվել մի շարք իրողությունների հետ և միաժամանակ նպատակ ունենալով պարապ քննադատի փոխարեն լինել գործուն և արդյունավետ կառույց` մեր կազմակերպությունն առաջարկում է օրենսդրական փոփոխության նախագիծ, որը հանրային որոշակի քննարկման և համապատասխան լրամշակման արդյունքում կարող է իրապես նպաստել խոսքի ազատության պաշտպանությանը և դրա չարաշահման սահմանափակմանը»,-ասված է Ս. Սարգսյանին ուղղված նամակում: Հեղինակները նախ կսպասեն հասարակության արձագանքին, ապա նոր կձեռնարկեն հետագա քայլերը:
