NON-GOVERNMENTAL ORGANIZATION
2008-ին` 2371 ապօրինի հատում
Նախորդ տարի ապօրինի ծառահատումները և անտառախախտումները հանրապետությունում գրեթե կիսով չափ նվազել են: Նման եզրակացության է հանգել «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհուրդը» օրերս կայացած նիստում:
Նման միտումը դիտարկվել է որպես մի կողմից գազաֆիկացման ծավալների ընդլայնման, մյուս կողմից` հսկողության և արագ արձագանքման ուժեղացման արդյունք: Վերլուծությունները ցույց են տվել, որ ապօրինի հատումներն ավելի շատ կատարվում են այն համայնքների մոտակայքում, որտեղ գազաֆիկացում չկա, և բնակչությունն ի վիճակի չէ անգամ էժան գներով անտառաթափուկ ձեռք բերելու:
«Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով, 2008-ին արձանագրվել է ապօրինի հատումների 2371 դեպք, որից 22-ը` հատուկ պահպանվող տարածքներում: Պետությանը պատճառվել է շուրջ 21 մլն դրամի վնաս, որից վերականգնվել է 5 միլիոնը: 2007-ին արձանագրվել է 4894 ապօրինի հատում:
Խորհուրդը նիստում անդրադարձել է նաև Դսեղի անտառների խնդրին: ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ բնապահպանության նախարարություններն իրենց ուսումնասիրությունների արդյունքների մասին հանրությանը տեղյակ կպահեն մինչև մարտի 20-ը:
