ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նամակն` ուղղված ՀՀ արդարադատության նախարարին

Ներկայացնում ենք ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի նամակն` ուղղված ՀՀ արդարադատության
նախարար Գևորգ Դանիելյանին` "Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում
փոփոխություն կատարելու մասին", "Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության
օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" Հայաստանի
Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ:

«Հարգելի պարոն
Դանիելյան,

Կարծում եմ, որ Ձեր 15.01.2009թ. թիվ Ե-156 գրությամբ ներկայացված «Հայաստանի
Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի
Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը լրամշակման կարիք
ունեն հետևյալ պատճառաբանությամբ.

Համաձայն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ
հոդվածի 3-րդ մասի դ/ կետի (16 դեկտեմբերի 1966թ.)` յուրաքանչյուր ոք, իրեն
առաջադրված ցանկացած քրեական մեղադրանքի քննության ժամանակ իրավունք ունի դատվի իր
ներկայությամբ: Այս, ինչպես նաև վերջինիս հետ թղթակցող միջազգային և սահմանադրական
այլ դրույթներից ելնելով է, որ օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի
302-րդ հոդվածով պարտադիր է համարում ամբաստանյալի մասնակցությունն իր գործի
քննության ընթացքում:

Վերջինս հանդիսանում է ամբաստանյալի պաշտպանության իրավունքի իրականացման
կարևորագույն երաշխիքներից մեկը, մասնավորապես, ապացույցների ձեռք բերման, իրեն
առաջադրված մեղադրանքի, ինչպես նաև դրա շրջանակներում դատարանի կողմից քննության
ենթակա այլ հարցերի կապակցությամբ կարծիքի արտահայտման, միջնորդությունների
հարուցման և դատարանի գործողությունների և որոշումների բողոքարկման ապահովման
տեսանկյունից:

Մինչդեռ, խնդրո առարկա օրինագծերով նախատեսվում է ամբաստանյալի դատական քննությանը
մասնակցելու իրավունքի սահմանափակման հնարավորությունն այն դեպքերում, երբ` քրեական
գործի քննության ժամանակ նրա նկատմամբ կիրառվել է սանկցիա` նիստերի դահլիճից
հեռացնելը: Ընդ որում, այդ սահմանափակումն առաջարկվում է գերակա այնպիսի շահերն
ապահովելու նպատակով, ինչպիսիք են արդարադատության շահը, տուժողների և
դատավարության այլ մասնակիցների, վկաների իրավունքների համակողմանի
պաշտպանությունը, քաղաքացիների կողմից իրավահպատակ վարքագիծ դրսևորելն ապահովելը:

Գտնում եմ, որ թեև հիշատակված շահերը գերակա են ամբաստանյալի մասնակցության
իրավունքի նկատմամբ, այդուհանդերձ, դրանց ապահովման նպատակով ներմուծվող
սահմանափակումը միայն այն դեպքում կդիտվի անհրաժեշտ ժողովրդավարական
հասարակությունում, երբ`

ա/ հանդիսանա իրավաչափ նպատակին ուղղված կամ դրա ապահովման
համարժեք միջոց.

բ/ հիմնավորվի որ, առաջադրված նպատակը չի կարող իրագործվել այլ միջոցով, քան
իրավունքի սահմանափակումը:

Կարծում եմ, որ նախագծերով առաջարկվող սահմանափակումը չի համապատասխանում վերը
նշված համաչափության և բացառիկության չափանիշներին:»