NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Պաշտպանի նամակը ՀՀ արդարադատության նախարարին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նամակ է ուղղել ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանին, որում խնդրում եմ քննարկել Սասուն Միքայելյանին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ բուժհետազոտման տեղափոխելու նպատակահարմարության հարցը:
Ստորեւ ներկայացնում ենք նամակը ամբողջությամբ.
Հարգելի պարոն Դանիելյան
Իմ հանձնարարությամբ աշխատակազմի աշխատակիցները 27.01.2009 թվականին հանդիպել են ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանք կրող Սասուն Միքայելյանին, որը հայտնել է, որ դեռևս 1996 թվականին տարել է սրտի ինֆարկտ, որից հետո յուրաքանչյուր տարի մեկ ամիս տևողությամբ ստացել է ստացիոնար բուժում: 2009 թվականի հունվարի 25-ին իր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ուստի անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալու համար քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ստիպված է եղել հրավիրել շտապ օգնության անձնակազմ, քանի որ քրեակատարողական հիմնարկում բացակայում են անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետներ՝ սրտաբաններ:
Սասուն Միքայելյանը հայտնել է նաև, որ ներկայումս գտնվում է ծայրաստիճան վատառողջ վիճակում և անհրաժեշտ է, որպեսզի ստանա ստացիոնար բուժում:
Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ քննարկել Սասուն Միքայելյանին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ բուժհետազոտման տեղափոխելու նպատակահարմարության հարցը:
