Կփոփոխվեն 225 եւ 300 հոդվածները

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 225 (Զանգվածային անկարգություններ) և 300 (Պետական իշխանության բռնազավթումը) հոդվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով հունվարի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է հրաման` աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

Հիշեցնենք, որ մարտի մեկի դեպքերից հետո, տասնյակ քաղաքացիների հենց այս հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել:
ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, Աշխատանքային խմբի ղեկավարն է ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։ Խմբի կազմում ընդգրկված են ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծրունի Աղաջանյանը:

Աշխատանքային խմբին հանձնարարվել է խմբի աշխատանքներին մասնակից դարձնել ՀՀ Ազգային ժողովի 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի անդամներին, օրինագծի մշակման ժամանակ հաշվի առնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայով սահմանված չափորոշիչները և օրենքի` իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանելու հարցը: Աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվել է մինչև 2009 թվականի փետրվարի 19-ը ներկայացնել առաջարկություններ: