Չկարճեցին մատաղիսի գործի վարույթը

Հյուսիսային քրեական դատարանում այսօր շարունակվեց Մատաղիսի գործի դատավարությունը, որի կրկին չէր ներկայացել ամբաստանյալի աթոռին հայտնված Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ Զալյանի ու Մուսա Սերոբյանի շահերի պաշտպանը։

Բոլոր ամբաստանյալների անունից Արայիկ Զալյանը միջնորդություն ներկայացրեց, որով պահանջում էր կարճել քրեական գործի վարույթը։Ամբաստանյալները գտնում են, որ Հյուսիսային քրեական դատարանում ընթացող դատաքննությունը խախտում է արդար դատաքննության իրենց իրավունքը։Միջնորդության համար հիմք է ընդունվում այն, որ «Սահմանադրական դատարանը Քրեա-դատավարական օրենսգրքի նախաքննություն նախատեսող դրույթները ճանաչել է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ու, նոր նախաքննության ուղարկելով, դատարանը դուրս է գալիս դատավարությունում անկողմնակալ իր դերի շրջանակներից, իրականացնում արդարադատության գործառույթի հետ անհամատեղելի գործողություններ»։

Մեղադրող կողմն ու տուժողի իրավահաջորդ Արթուր Եղիազարյանը առարկեցին միջնորդությանը` այն համարելով անհիմն:

Դատարանը մերժեց միջնորդությունը` հիմնավորելով, որ Սահմանադրական դատարանի որոշումը կայացվել է արդեն նախաքննության ուղարկելուց հետո։Նիստը հետաձգվեց մինչեւ փետրվարի 6-ը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` ժամկետային զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանը ծառայության ընթացքում միտումնավոր սպանել են ծառայակից իրենց 2 ընկերներին` Հովսեփ Մկրտումյանին եւ Ռոման Եղիազարյանին։Առաջին ատյանի դատարանը գործով ամբաստանյալներին դատապարտել էր 15 տարվա, իսկ վերաքննիչը` ցմահ ազատազրկման։Այնուհետեւ Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր լրացուցիչ նախաքննության, ընդ որում` կալանքը որպես խափանման միջոց փոխվել է` հանրապետությունից չհեռանալու ստորագրությամբ։