NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Երկու ակցիա մեկ վայրում
Հանրապետության հրապարակում այսօր կեսօրին սկսվել է միաժամանակ երկու բողոքի ակցիա։ Ամանորյա տոներից հետո իր առաջին բողոքի ակցիան էր կազմակերպել «Միացում» ազգային նախաձեռնությունը, իսկ կառավարության երեկվա բողոքի ակցիա էին շարունակում Հաշվիչ դրամարկղային մեքենաների տեղադրումից դժգոհող տոնավաճառների աշխատողները։
Արցախը Հայաստանին միացնելու և ոչ մի թիզ հող չզիջելու պահանջով այսօր արտգործնախարարության առջև հավաքված «Միացում» նախաձեռնության անդամները հույս ունեին, որ գոնե այսօր արտգործնախարարը կընդունի իրենց պատվիրակությանը։ Ամենաշատը 40 հոգուց բաղկացած նախաձեռնության խումբը «Միացում», «Արցախ–Հայաստան միացում», «Հող հանձնողը՝ դավաճան» ցուցապաստառներով և կարգախոսներով արտգործնախարարից պահանջում էին ընդունել իրենց։
Նախաձեռնության անդամ, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցություններում «Լուծման որևէ մի էլեմենտ ես չեմ տեսնում։ Կողմերը, ըստ էության, լուծման մասին չեն խոսում։ Եթե փորձենք ինչ–որ վերլուծություններ անել Ռուսաստան–Ամերիկա, կտեսնենք, որ Արցախի հարցն այն օրը, որ լուծվի, ոչ Ամերիկային է ձեռք տալիս, ոչ էլ Ռուսաստանին։ Այսօր խոսք չի գնում խնդիրը լուծելու մասին, այսօր մրցակցություն կա գերհզոր պետությունների միջև. թե ում վերահսկողությունը պետք է լինի տարածաշրջանում, խոսքը սրա մասին է»։
Դեռ նախորդ տարվանից «Միացում» նախաձեռնության պահանջը՝ այն է՝ հանդիպել արտգործնախարարի հետ, մնացել է անարձագանք։ Նախաձեռնության դիմումին պատասխանել էր արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ ղարաբաղյան բանակցությունների հիմքում անփոփոխ են մնում կարգավորման 3 սկզբունքները։ Ըստ փոխնախարարի պատասխանի՝ դրանք են՝ ԼՂ–ն չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ, ԼՂ–ն պետք է ցամաքային կապ ունենա Հայաստանի հետ, ԼՂ ժողովրդի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի։
«Միացում» նախաձեռնության անդամներին ՀՀ ԱԳՆ-ից ոչ ոք չընդունեց, նրանք երթով եւ վարկարկումներով բարձրացան Հյուսիսային պողոտա եւ այնտեղ էլ վերջացրեցին ակցիան:
