NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Եվրադատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը հանդիպեց լրագրողների հետ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանը հայտարարել է, որ Հայաստանի դեմ Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան ներկայացվող գործերի թիվը վերջին երկու տարում կրճատման միտում ունի, «Կարծում եմ՝ պատճառներից մեկն այն է, որ հայց ներկայացնելուց մինչև գործը դատարանի կողմից դիտարկելու համար 3-4 տարի է պահանջվում, և մարդիկ չեն ցանկանում այդքան սպասել»:
Նա նշել է, որ 2003 թվականից, երբ Հայաստանը ՄԻԵԴ-ի անդամ դարձավ, հանրապետության դեմ ավելի քան 1000 գործ հարուցվեց, որոնցից 600-ը՝ Ադրբեջանի քաղաքացիների կողմից։
«Փոստով ստացվող հայցերից ոչ բոլորն են, որ հանձնվում են Դատարանի դիտարկմանը։ Այսօրվա դրությամբ Հայաստանի դեմ 250 հայցի դիտարկումը մերժվել է»,- ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։
Նրա խոսքերով, երեք դատավորից բաղկացած հատուկ կոմիտեն կարող է տարբեր հիմքերով հայցը մերժելու որոշում ընդունել։ Մերժման ամենատարածված պատճառների թվում նա նշեց այն, որ տվյալ հարցը չի դիտարկվել երկրի ներսում բոլոր դատական ատյաններում։
«Մարդու իրավունքների պաշտպանության եվրադատարանի կարևորագույն դրույթներից մեկն այն է, որ մարդու իրավունքները պետք է պաշտպանվեն իր երկրի ներսում։ Մարդը պետք է ՄԻԵԴ դիմի միայն այն դեպքում, երբ իր իրավունքների պաշտպանությունը հնարավոր չէ սեփական երկրում»,- ասաց Գյուլումյանը։
Մերժման ևս մեկ պատճառ կարող է լինել այն, որ տվյալ իրավախախտումը տեղի է ունեցել մինչ Հայաստանի ՄԻԵԴ մտնելը։
«Հայցը չի դիտարկվում նաև այն դեպքում, եթե այն ներկայացվել է ավելի ուշ, քան երկրի դատական համակարգի վերջին ատյանի կողմից վճիռը կայացնելուց հետո վեց ամսվա ընթացքում։ Հայաստանի դեպքում խոսքը Վճռաբեկ դատարանի մասին է»,- ավելացրեց Գյուլումյանը։
Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանը ստեղծվել է 1959թ. մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական հռչակագրի զարգացման նպատակով։ ՄԻԵԴ-ի իրավասությունների մեջ է մտնում ինչպես պետությունների միջև վեճերի, այնպես էլ իրենց պետությունների կամ Հռչակագրի այլ անդամ-պետությունների այն գործողությունների քննումը, որոնք ոտնահարել են քաղաքացիների իրավունքները։
Եվրադատարանի կողմից քաղաքացիների բողոքների կապակցությամբ ընդունված վճիռները պարտադիր են պատասխանող-պետության համար։ ՄԻԵԴ-ի վճիռների իրագործումը վերահսկում է Եվրոպայի խորհրդի նախարարների խորհուրդը։
Այսօր ՄԻԵԴ-ի անդամ են Եվրախորհրդի բոլոր 47 անդամ-պետությունները:
