NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հարյուրի կոչը բոլորին
Ավելի քան հարյուր հասարակական կազմակերպություններ եւ անհատներ կոչ են անում երկրի հեռուստաընկերություններին հեռարձակումների ժամանակ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի իրական քարտեզը՝ Լեռնային Ղարբաղի նախկին ինքնավար մարզի քարտեզի փոխարեն:
Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ Արցախի երիտասարդական կազմակերպությունները դեկտեմբերի 9-ին բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով հայկական հեռուստաալիքներով եղանակի տեսության հեռարձակման ժամանակ պատկերվող քարտեզներից հանել վաղուց պատմություն դարձած ԼՂԻՄ-ի պատկերը՝ փոխարինելով այն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզով։
«Ղարաբաղյան պատերազմի զինադադարի մասին պայմանագրի ստորագրումից 14 տարի անց անհեթեթ իրավիճակ է ստեղծվել. մի կողմից օբյեկտիվ իրականություն է այն, որ նախկին Ադրբեջանի ԽՍՀ մի շարք շրջաններ այժմ գտնվում են ԼՂՀ կազմում, այնտեղ ապրում են մեր հազարավոր հայրենակիցները: Մյուս կողմից՝ այդ իրողությունը չի արտացոլվում ՀՀ ԶԼՄ-ների կողմից. հոդվածներում, հեռուստահաղորդումներում, եղանակի տեսությունում կամ պարզապես գովազդում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամ չի պատկերվում, կամ, լավագույն դեպքում, պատկերվում է խորհրդային ժամանակաշրջանի ԼՂԻՄ-ի տեսքով»,- ասվում է հայտարարությունում։
Հայտարարության հեղինակները նշում են նաև, որ նման քարտեզները խախտում են ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածը, համաձայն որի «Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ամբողջականության վերականգնումը և սահմանների հստակեցումը հրապարակային իշխանությունն իրականացվում է ԼՂՀ ենթակայության տակ փաստացի գտնվող տարածքում»։
Ավելին, հայտարարության հեղինակների կարծիքով, Ադրբեջանի ղեկավարությունը և այդ երկրի ԶԼՄ-ները ոչ միայն չեն ճանաչում այդ հին սահմանները, այլ բացեիբաց հավակնում են նույնիսկ Հայաստանի Հանրապետության տարածքին։
Այսպես, այս տարվա հոկտեմբերի 31-ին ադրբեջանական լրատվական day.az կայքը, հայտնելով տնտեսական զարգացման նոր նախարարի նշանակման մասին, հատուկ ընդգծել է, որ Շահին Մուսթաֆաևը ծնվել է «Արևմտյան Ադրբեջանի Նոյեմբերյանի շրջանում»։
«Այդ տերմինը հանդիպում է նաև Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարարության պաշտոնական կայքում, Հեյդար Ալիևի պետական հիմնադրամի կայքում»,- ընդգծվում է հայտարարությունում։
«Ստեղծվել է տարօրինակ իրավիճակ. հայկական ԶԼՄ-ները կտրված են իրականությունից և համառորեն չեն ցանկանում նկատել ազատագրված տարածքներում բնակվող մեր հայրենակիցների իրավունքները՝ դրանով իսկ ակամա օգնելով ադրբեջանական քարոզչական մեքենային տեղեկատվական պատերազմում, որը տարվում է հայերի դեմ։ Փաստորեն, մեր հայրենակիցները նույնիսկ զուրկ են իրենց բնակության վայրի եղանակի տեսության մասին տեղեկատվություն ստանալու իրավունքից։ Ավելին, Հայաստանի ԶԼՄ-ների կողմից գործնականորեն չի լուսաբանվում այն, ինչ տեղի է ունենում ազատագրված տարածքներում, այնտեղ ապրող մարդկանց կյանքն ու կենցաղը»,- ասվում է հայտարարությունում։
«Հաշվի առնելով խնդրի լրջությունը, խնդրում ենք բոլոր ԶԼՄ-ներին, անկախ կուսակցական և քաղաքական շահերից, զերծ մնալ ներքաղաքական պայքարում այս հարցն օգտագործելուց՝ հանուն համաժողովրդական շահի»,- ասվում է հայտարարությունում:
