NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բանաձեւը ուղղված է իշխանության դեմ
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը քննարկեց ԵԽԽՎ 1609 եւ 1620 հայտնի բանաձեւերի կատարման ընթացքը, բանաձեւեր, որոնցով եվրոպական հեղինակավոր այս կառույցը ամիսներ առաջ խիստ որոշակի պարտավորություններ էր դրել Հայաստանի իշխանությունների վրա:
Քննարկման արդյունքում ընդունվեց բանաձեւի մի նոր նախագիծ, որը քվեարկության է դրվելու ԵԽԽՎ լիագումար հունվարյան նստաշրջանի ընթացքում:
Բանաձեւի նախագծում արձանագրվում է վերոհիշյալ`1609 եւ 1620 բանաձեւերի կատարման անբավարար ընթացքը: Առաջին անգամ արձանագրված է Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը` անհարիր մի երեւույթ Եւրոպայի Խորհրդի շրջանակներում ու ողջ քաղաքակիրթ աշխարհում: Առաջարկություն է արվում կիրառել պատժամիջոց` զրկել հայաստանյան պատվիրակությանը Վեհաժողովում ձայնի իրավունքից:
Այս առիթով Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.
1. ԵԽԽՎ Մոնիտորինգի խմբի ընդունած բանաձեւն ուղղված է ոչ թե Հայաստանի ու նրա ժողովրդի, այլ Հայաստանում գործող ռեժիմի դեմ: Այս որոշման ողջ պատասխանատվությունն ընկնում է նույն ռեժիմի վրա, որն, արհամարելով ինչպես պետության կողմից ստանձնած պարտավորությունները, այնպես էլ ԵԽ, եւրոպական ու միջազգային այլ հեղինակավոր կառույցների բազմաթիվ հորդորներն ու պահանջները, ամիսներ շարունակ բանտերում է պահում տասնյակ քաղբանտարկյալների, կոպտորեն ոտնահարում է հավաքների, երթերի, ազատ խոսքի եւ Մարդու իրավունքների այլ կարեւորագույն նորմերը:
2. Հայաստանյան պատվիրակությանը ձայնից զրկելը տվյալ դեպքում վնաս չէ Հայաստանին ու նրա ժողովրդին, ինչպես պնդում են վարչախմբի պաշտոնյաները. ձայնից զրկվում է մի պատվիրակություն, որի գործունեությունը ԵԽԽՎ-ում մինչ այժմ ամբողջությամբ նպատակաուղղված է եղել ոչ թե Հայաստանի ու նրա ժողովրդի շահերին, այլ գործող ավազակապետական ռեժիմի պաշտպանությանը, վերջինիս հակաժողովրդավարական գործունեությունը, գործած հանցանքները ու ապօրինությունները պարտակելուն, միջազգային հանրությանը մոլորեցնելուն: Այդ պատվիրակության հանցավոր անգործության պատճառով է, որ այս կառույցը աննպաստ բանաձեւ ընդունեց Լեռնային Ղարաբաղի հարցով:
3. Իշխանության վարած նույն այդ հակաժողովրդավարական գործելակերպի հետեւանքով է, որ հետաձգվեց Հազարամյակների մարտահրավերների հերթական դրամական հատկացումը Հայաստանին: Ողջունելով ԵԽԽՎ-ի մոնիտորինգի խմբի վերջին որոշումը` որպես Հայաստանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների վերականգնմաը նպաստող քայլ, Հայ Ազգային Կոնգրեսը եւս մեկ անգամ պաշտոնապես կոչ է անում միջազգային կառույցներին` կիրառել միայն այնպիսի պատժամիջոցներ, որոնց թիրախը կլինի ոչ թե երկիրն ու ժողովուրդը, այլ հակաժողովրդական վարչախումբը, իսկ նպատակը` երկրում ժողովրդավարության ու օրինականության հաստատումը:
4. ԵԽԽՎ Մոնիտորինգի խմբի որոշումը Հայաստանում շուրջ մեկ տարի ծավալված Համաժողովրդական շարժման փայլուն հաղթանակն է. առաջին անգամ մեր տեսակետներն ու գնահատականները տեղ են գտնում միջազգային կարեւորագույն մի փաստաթղթում: Դա Համաժողովրդական շարժման - Հայ Ազգային Կոնգրեսի, որպես Հայաստանում լրջագույն քաղաքական ուժի ու գործոնի միջազգայնորեն ճանաչումն ու գնահատումն է:
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
