NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայտարարություն Յոթի գործի մասին
Յոթի գործով դեկտեմբերի 19-ին սկսվելիք դատավարության կապակցությամբ հայտարարություն է տարածել Հայ Ազգային կոնգրեսը:
«Այդ գործի մեղադրական եզրակացությունը կազմվել է քրեադատավարական նորմերի բազմաթիվ խախտումով, ամբողջությամ զուրկ է որեւէ ապացուցողական հիմքից եւ, ըստ էության, կեղծիքների վրա հիմնված դատարկ մի հայտարարություն է: Դրանով ռեժիմը փորձում է իր իսկ գործած հանցագործությունները, այն է` իշխանության յուրացում /300 հոդված/ եւ զանգվածային անկարգությունների կազմակերպումը /225 հոդված/ բարդել ընդդիմության գործիչների վրա, որոնց միակ մեղավորությունը եղել է այն, որ նրանք Շարժման բազմահազար այլ մասնակիցների հետ միասին փորձել են բողոքի օրինական ակցիաների միջոցով կանխել ապօրինությունները եւ վերականգնել սահմանադրական կարգը Հայաստանում:
Այս դատավարությամբ վարչախումբը փորձում է դատաստան տեսնել փետրվարի 19-ի ընտրություններում իր կամքն արտահայտած ողջ հայ ժողովրդի եւ ընտրական կեղծիքների եւ բռնության դեմ ոտքի ելած Շարժման կատմամբ: Այսինքն, իրականում այս գործով որպես մեղադրյալ է անցնում ամբողջ բազմահազարանոց Համաժողովրդական շարժումը։ Ուստիեւ մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ում համար թանկ է ազատությունը, ժողովրդավարությունը, ազգային եւ մարդկային արժանապատվությունը, մարդու իրավունքները, ովքեր պայքարել են եւ պատրաստ են պայքարել այս արժեքների հաստատման համար, ներկա լինել դատավարությանը: Դա բոլորիս դատն է։
Ազատության համար պայքարող յոթ ընդդիմադիր գործիչների նկատմամբ քաղաքական դատավարությունը մենք կվերածենք դատավարության՝ հանցագործ ավազակապետական իշխանական համակարգի նկատմամբ: Այս դատավարության ընթացքում կբացահայտվեն մարտիմեկյան հանցագործության իրական կազմակերպիչները` սեփական ժողովրդի վրա կրակելու հրաման տված պաշտոնյաները, քաղաքական հետապնդումների ապօրինի պատվերն իրականացրած ծախու դատախազները, քննիչները եւ ոստիկանները»:
