Նիստը բաց է լինելու

Մամուլում լուրեր էին հրապարակվել, թե որոշվել է յոթի գործով դատաքննությունը անցկացնել դռնփակ ռեժիմով։ Այս առթիվ պարզաբանումներ է տվել ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը։

Ըստ տարածված հաղորդագրության, Երեւանի քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ 7 մեղադրյալների մասով քրեական գործը նշանակվել է դատական քննության: Համաձայն այդ որոշման, նշված քրական գործի դատական քննությունը նշանակվել է 2008 թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 24/1 շենքի դատական նիստերի թիվ 1 դահլիճում (Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան) դռնբաց դատական նիստում, ինչը ենթադրում է, որ վերոհիշյալ քրեական գործով դատական նիստին կարող է ներկա գտնվել 16 տարին լրացած յուրաքանչյուր ոք:

Սակայն դատավորի, դատավարության մասնակիցների և այլ անձանց անվտանգությունն ապահովելու նպատակով, վերոնշյալ դատարանի շենքի տարածք քաղաքացիների մուտքը հնարավոր կլինի միայն անձի ինքնությունը հաստատող փաստաթղթով:

Անձի ինքնությունը հաստատող փաստաթղթեր կարող են լինել անձնագիրը, զինվորական գրքույկը, վարորդական իրավունքի վկայականը, պետական մարմինների աշխատակիցների համար ծառայողական վկայականը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթը:

Դատական նիստը լուսաբանող լրագրողների համար հավատարմագրում չի պահանջվում, անհրաժեշտ է միայն ներկայացնել համապատասխան լրատվամիջոցի լրագրողական վկայականը։