NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանում կոռուպցիայի հետ կապված իրավիճակը վատթարանում է
«ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների և պետական կառավարման մարմինների դերը կոռուպցիայի դեմ պայքարում» ծրագրի իրականացման արդյունքների ամփոփման ժամանակ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը ասել է, որ ՀՀ կառավարությունը սկսել է կոռուպցիայի դեմ պայքարին մեծ լրջությամբ վերաբերվել, ընդ որում վերջին ամիսներին նկատելի են այդ ուղղությամբ դրական տեղաշարժեր։
«ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների և պետական կառավարկան մարմինների դերը կոռուպցիայի դեմ պայքարում» երկամյա ծրագիրն իրականացվել է Եվրասիա-համագործակցություն հիմնադրամի հայկական գրասենյակի կողմից՝ ՄԱԿ-ի ժողովրդավարական հիմնադրամի (UNDEF) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական աջակցությամբ։
Ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի ութ մարզերում աջակցություն է տրամադրվել ավելի քան 400 հազ. ԱՄՆ դոլարի չափով, ուղղված էր, մասնավորապես, ԶԼՄ-ների դերի բարձրացմանը կառուպցիայի դեմ պայքարում, պետական կառավարման կառույցների աշխատանքի խթանմանը, ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների համագործակցությանը պետական կառավարման կառույցների գործունեության թափանցիկության ապահովման հարցում։
«Վերջին բարեփոխումները, հանրապետության մարզերում Գլխավոր դատախազության աշխատանքը, Հակակոռուպցիոն նոր ռազմավարության վերաբերյալ հանրային լսումները վկայում են հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարը պատշաճ մակարդակի հասցնելու՝ Հայաստանի իշխանությունների լուրջ մտադրության մասին։ Այնուամենայնիվ երկրի շատ քաղաքացիներ սպասողական դիրք են զբաղեցրել՝ ցանկանալով հավաստիանալ, թե իսկապե՞ս իշխանություններն ի վիճակի են ձերբակալել և կոռուպցիոն հանցագործության մեղադրանքներ ներկայացնել բարձրաստիճան պաշտոնյաներին կամ ազդեցիկ կապեր ունեցող գործարարներին։ Հայաստանում յուրաքանչյուրին հետաքրքրում է՝ ուղղված կլինե՞ն, արդյոք, իշխանությունների գործողությունները կոռուպցիայի մեջ իսկապես մեղադրվող անձանց բացահայտմանն ու պատժմանը։ Անհրաժեշտ է հակակոռուպցիոն տարրեր ներդնել հանրապետության իշխանությունների գործունեության բոլոր ոլորտներում։ Դա կօգնի ստեղծել համակարգեր, որոնք արմատախիլ կանեն ոչ պաշտոնական վճարումների երևույթները, մասնավորապես, առողջապահության ոլորտում, ինչպես նաև կբարձրացնեն բոլոր պետական կառույցների գործունեության թափանցիկությունը», հայտարարել է ԱՄՆ դեսպանը հավելելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի գործում իշխանությունների և քաղաքացիական հասարակության համատեղ աշխատանքի հարցում Հայաստանում զգալի առաջընթաց չի նկատվում։
««Transparency International/Armenia»-ի տվյալների համաձայն, կարելի է ասել, որ Հայաստանում կոռուպցիայի հետ կապված իրավիճակը վատթարանում է։ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը շարունակում է բարձր մնալ, կան իրական ներքին և արտաքին խոչընդոտներ ներդրումները կրճատելու, տնտեսության աճը դանդաղեցնելու և միգրացիան ավելացնելու համար», - ասել է դեսպանը։
