NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Թուրքիայի մի խումբ մտավորականներ ներողություն են խնդրել Հայոց Ցեղասպանության համար
Թուրք մտավորականների մի խումբ ներողություն է խնդրել «այն մեծ ողբերգության համար, որի բովով անցել են հայերը 1915թ. Օսմանյան կայսրության ժամանակ»: Այդ մասին հաղորդում է Today’s Zaman կայքէջը:
Մտավորականների մի խմբի, այդ թվում նաև պրոֆեսորներ Բասկին Օրանի և Ահմետ Ինսելի, լրագրողներ Ալի Բայրամողլուու և Ջենգիզ Աքթարի կողմից ներկայացված հանրագրում նրանք անձամբ ներողություն են խնդրում ողբերգական դեպքերի համար:
Խումբը խնդրել է այլ մարդկանց ևս ստորագրել հետևյալ հանրագիրը.
«Ես չեմ կարող ընդունել անտարբերությունը մեծ ողբերգության նկատմամբ, որն ապրել են օսմանյան հայերը 1915թ., և այդ ողբերգության հերքումը: Ես չեմ ընդունում այդ անարդարությունը և առաջնորդվելով իմ կամքով` կիսում են իմ հայ եղբայրների և քույրերի ցավը և զգացմունքները, ու ներողություն խնդրում»:
Այս քարոզարշավի կազմակերպիչներն ընդգծել են, որ իրենք, նախ և առաջ, ստորագրություններ կհավաքեն մտավորականությունից և կբացեն ապահով կայք` բոլոր ստորագրությունները մուտքագրելու համար:
«Մենք փնտրում են մարդկային էակներ: Մենք մտածում էինք հայերից ներողություն խնդրելու կոչով դիմել երկրի կառավարությանը, սակայն որոշեցինք, որ յուրաքանչյուրը կգործի` ելնելով իր խղճից: Այդ կոչը բոլորի համար է»,- նշել է Օրանը:
Հանրագիրը, որն արդեն դարձել է ազգայնամետների թիրախը, արժանացել է քննադատության մի խումբ այլ մտավորականների կողմից:
