Վասն հայկական եկեղեցու

Այսօր առավոտյան ժամը 10-ից Երևանի կենտրոնում՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև հավաքվել էին երիտասարդներ, երևանյան բուհերի ուսանողներ՝ բողոքելով Վրաստանում հայկական եկեղեցիների և հուշարձանների նկատմամբ ոտնձգությունների դեմ։

«Մի խաթարեք հայ–վրացական հարաբերությունները», «Ամոթ վրացական կառավարությանը», «Ո՛չ մշակութային ցեղասպանությանը» կարգախոսներով բողոքի ակցիայի մասնակիցները քայլերթով անցել են Երեւանի փողոցներով, նաեւ Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտով: Բողոքավորները բաց նամակ են հանձնել ՅՈՒՆԵՍԿՕ–ի ներկայացուցչին եւ Վրաստանի դեսպանին: Նամակում ասվում է. «Մենք՝ Հայաստանի ուսանողական և երիտասարդական կազմակերպություններս, պահանջում ենք ՅՈՒՆԵՍԿՕ–ից վճռական միջոցներ ձեռնարկել Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների նկատմամբ կատարվող ոտնձգությունները կանխելու համար։ Պատմամշակութային և հատկապես կրոնական նշանակության կառույցների և գերեզմանների նկատմամբ 21-րդ դարում կատարվող նմանօրինակ գործունեությունը կարող է տեղավորվել միմիայն «մշակութային ցեղասպանություն» հասկացության շրջանակներում»: