NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Եկեղեցի «Կոշ» ՔԿՀ-ում
Ամենայն Հայոց Գարեգին II Կաթողիկոսը նախօրեին օծել է Սուրբ Հարություն եկեղեցին՝ կառուցված «Կոշ» քրեակատարողական հաստատության տարածքում։
Կաթողիկոսի խոսքերով, եկեղեցու բացումը վաղուց սպասված իրադարձություն էր դատապարտյալների և հաստատության աշխատակիցների համար։
«Համոզված եմ, որ եկեղեցու բացումը կծառայի ձեր հոգիների նորոգմանը։ Եկեղեցու կամարների ներքո դուք պետք է աղոթելով, ապաշխարելով բացեք ձեր սրտերը Աստծու առջև: սա արդեն երկրորդ եկեղեցին է, որ բացվում է քրեակատարողական հաստատության տարածքում: Իսկ աղոթատեղիներ կան Հայաստանի բոլոր գաղութներում: Եկեղեցին կօգնի դատապարտյալներին ուղիներ գտնել դեպի բարություն, խուսափել մեղքերից, հույս և լավատեսություն կներշնչի նրանց հոգիներին, որպեսզի նրանք դուրս գան քրեակատարողական հաստատության պատերից՝ որպես երկրի արժանի քաղաքացիներ, ովքեր իրենց ներդրումը կկատարեն Հայրենիքի առաջընթացի ապահովման գործում: Մենք միշտ աղոթում ենք ձեզ համար, որպեսզի Աստված թիկունք և պաշտպան դառնա ձեզ՝ տանելով դեպի բարություն, արդարություն, ճշմարտություն և խաղաղություն: Քրեակատարողական հաստատությունում իր ծառայությունն է մատուցում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչը, ով դժվար պահերին գտնվում է դատապարտյալների կողքին, օգնում և մխիթարում է նրանց, հույս է ներշնչում, օգտակար լինում իր բարի խորհուրդներով: Այս գաղութում անցկացվել են բազմաթիվ կրոնական-հոգևոր միջոցառումներ և մկրտության ծես։ Ես հիշում եմ մկրտության ժամանակ դատապարտյալների աչքերում հայտնված զղջման արցունքները», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Եկեղեցին կառուցվել է բարերար Կառլեն Կարապետյանի ֆինանսական աջակցությամբ, ճարտարապետ Անահիտ Թարխանյանի նախագծով։
