NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Առերեսում դեռ չի եղել
Լրագրող Էդիկ Բաղդասարյանի և նրա նկատմամբ բռնություն կիրառելու մեղայականով ներկայացած Կարեն Հարությունյանի միջև առերեսում չի կազմակերպվել, լրագրողներին ասել է տուժածը՝ «Հետաքննող լրագրողների ընկերակցության» նախագահ, «Հետք» էլեկտրոնային պարբերականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:
Ըստ պաշտոնական տեղեկությունների, նախօրեին ոստիկանության Կենտրոնականի բաժին էր ներկայացել ոմն Կարեն Հարությունյան և հայտարարել, որ ինքը 2 այլ անձանց հետ նոյեմբերի 17-ին ծեծի է ենթարկել լրագրող Էդիկ Բաղդասարյանին: Միևնույն ժամանակ հայտնի էր դարձել, որ ինքնակամ ոստիկանություն ներկայացած անձը հրաժարվել էր ցուցմունք տալուց:
Էդիկ Բաղդասարյանը հայտնել է, որ ինքն առայժմ չի տեղեկացվել, թե երբ տեղի կունենա առերեսումը: Պատասխանելով մեր այն հարցին, թե կարո՞ղ է նա, անհրաժեշտության դեպքում, ճանաչել իրեն ծեծողներին, Էդիկ Բաղդասարյանն ասաց. «Չգիտեմ… Մեկին աղոտ հիշում եմ… Չեմ կարող ասել»:
Հիշեցնենք, որ Էդիկ Բաղդասարյանի վրա հարձակում էր կատարվել նոյեմբերի 17-ին, հարձակվել էին երեք հոգի, ծեծել լրագրողին եւ դիմել փախուստի։
