NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը
Քրեական գործ հորջորջվող այս տրագիկոմեդիայի յուրաքանչյուր արարից հետո ի դերև են ելնում քրեական հետապնդման ու արդարադատության մարմինների պատասխանատուների կողմից կատարված ապօրինությունների ու կեղծիքների, պաշտոնեական ու արդարադատության դեմ ուղղված այլ ծանր հանցագործությունների աղաղակող փաստերի նորանոր տրցակներ:
Քրեական գործի նյութերի հրապարակման նախորդ նիստում, ինձ զարմանք ու զայրույթ պատճառեց ոչ թե այդ օրինախախտումների ու կեղծիքների ստվար թվաքանակը (պետք է խոստովանեմ, որ առողջությունս չվնասելու բարի նկատառումներից դրդված, պաշտպաններս ինձ խորհուրդ չէին տվել ծանոթանալ այս կեղտակույտին), այլ դրանցից մի քանիսի աննախադեպ լինելը, եթե կուզեք, յուրատիպությունը, որոնք նորամուծություններ են, կարծես թե ամեն ինչ տեսած մարտի 1-յան արդարադատության պրակտիկայում:
Քրեական գործի նյութերի ոչ լրիվ, 3 ժամյա հրապարակումն իսկ բավարար էր, որպեսզի նույնիսկ ոչ իրավաբան ունկնդրի համար հիմնավոր ու ապացուցված համարվեր, որ սույն քրեական գործով վարույթը սկսվել ու իրականացվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի, ՀՀ քրեական դատավարության օրենսդրության կոպտագույն խախտումներով:
Դատավարական ու քննչական գործողությունների արձանագրություններն ու այլ փաստաթղթերը հաճախ կազմել ու ստորագրել են դրանց իրավունքը չունեցող հետաքննության մարմնի աշխատակիցները, սեղմ ժամանակահատվածում կատարված մեծաթիվ զննություններին ու խուզարկություններին մասնակից են եղել նույն ընթերակաները, նաև ոստիկանության աշխատակից-ընթերականեր, կեղծվել են արձանագրություններն ու զեկուցագրերը, փոխվել են դրանց օրերը, ժամերն ու րոպեները, քրեկան գործ հետին ամսաթվով մուտք են արվել կեղծ զեկուցագրեր, ցուցմունքներ ու այլ փաստաթղթեր: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ինձ մոտ 28 ժամ, ապօրինի առանց որևէ իրավական հիմքի պահելուց հետո հետին ամսաթվով ձերբակալման արձանագրություն են կազմել: Ընդ որում ինձ ձերբակալել են իբր ապօրինի մեկ ատրճանակով, կալանքի միջնորդության համար դատարան դիմել` մեկ ուրիշով: Աննախադեպ պնդաճակատությամբ խախտել են Ջհանգիրյան կասկածյալի ու մեղադրյալի նույնիսկ պաշտպան ունենալու ու ցուցմունքներ տալու իրավունքը, այն դեպքում երբ նույն պահին քննիչը դատարանում միջնորդել է հետաձգել դատական նիստը, պատճառաբանելով թե Ջհանգիրյանը հիմա ցուցմունք է տալիս:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, արդարադատության առաջին դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Գագիկ Ջհանգիրյանին շարունակել են ապօրինի անազատության մեջ պահել ու խափանման միջոցի հարց քննարկել ձերբակալման օրենքով նախատեսված առավելագույն 72 ժամը լրանալուց հետո ևս:
Իմ նկատմամբ խափանման միջոցը կալանք ընտրելու քննիչի միջնորդությունը նույն այս Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը սկսել է քննարկել թե իմ, թե պաշտպանիս բացակայությամբ, ու էլի ու էլի նմանատիպ, Գինեսի գրքում գրանցվելու արժանի, քրեական դատավարությանը մինչև այժմ անհայտ անգրագիտություններ ու քյալագյոզություններ:
Թվարկված ապօրինություններն ու խախտումները բազմապատիկ բավարար էին որպեսզի մեղադրող դատախազը, եթե նույնիսկ ժամանակին տեղյակ չի եղել կատարվածին, իմ նկատմամբ ապօրինի ու անհիմն առաջադրված մեղադրանքից անհապաղ հրաժարվելու, իսկ հանցագործություններ կատարած իրավապահ-ստահակների նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու քաջություն ու վճռականություն ունենար:
Սակայն սույն դատավարության նույնիսկ դահլիճում կատարվողի նկատմամբ ուշադիր ու զգոն Կոյրուն Փիլոյանը մինչև այժմ այս գործում ոչինչ չի տեսել ու ոչ մի իրավախախտում չի հայտնաբերել ու մինչև այժմ իրեն բնորոշ համառությամբ ու հաջողությամբ շարունակում է չտեսնելու ու չնկատելու տալ ճչացող ապօրինությունները, նաև իմ ու իմ պաշտպանների կողմից դրանք ի ցույց դնելուց հետո ևս:
Մենք դատախազության մասին նոր օրենքում ամրագրել ենք դատախազի դատավարական ինքնուրույնությունն ու եթե կուզեք ինչ-որ տեղ նաև անկախությունը, օրենսդրական, իրավական երաշխիքներ նախատեսել, այդ ինքնուրույնության ապահովման համար:
Նախ գործի ընթացքի վերաբերյալ բոլոր ցուցումները ստորադաս դատախազին վերադասը պարտավոր է տալ գրավոր: Եթե դատախազը դրանք համարում է ապօրինի ու անհիմն ունի 2 ճանապարհ. կամ գործը (մեր դեպքում մեղադրանքի վարույթը) հանձնում է ցուցում տված վերադաս դատախազին կամ ցուցումն ու հանձնարարականը բողոքարկում է դրանք տված դատախազի վերադասին: Կորյունը այս վերջին կամից զրկված է, որովհետև իրեն ցուցում ու հանձնարարական տվող միակ դատախազը գլխավոր դատախազն է, որը վերադաս չունի: Մնաց մյուս կամը, վարույթը հանձնել գլխավոր դատախազին, եթե նրա ցուցումների ու հանձնարարակաների հետ համաձայն չէ:
Ես իրավաբան Փիլոյանի մասնագիտական որակների ու դատախազի հմտությունների վրա չեմ կասկածում, այդ մասին մի քանի անգամ նաև նշել եմ, մնում է ցավել նրա օբյեկտիվության, կամային ու տղամարդկային հատկությունների իսպառ բացակայության համար:
Լավ, Փիլոյան մեղադրողը չի հրաժարվում մեղադրանքից, իսկ ինչու նման իրավճակում գործը չի կարճում, Ջհանգիրյանին ապօրինի անազատությունից անհապաղ չի ազատում Վարդանյան դատավորը, երբ ամեն ինչ, ժողովրդի ասած, կույրի համար էլ պարզ է ու տեսանելի:
Անդրադառնանք մեր ավագ կոլեգա-ընկերոջը` դատավոր Վարդանյանի վարքագծին, ինչը իմ կարծիքով հոգեբանական լուրջ վերլուծության կարիք ունի: Ի սկզբանե հայտնվելով մի կողմից քաղաքական ճնշման ու պատվերի, մյուս կողմից իրավական, մարդկային ու բարոյական պարտականության հավասարազոր կրակների միջև, Վարդանյանն ընտրել է «առայժմ ինձ համար ոչինչ պարզ չէ» տարբերակը և իր կարծիքով ամենաձեռնտու պաշտպանական մեխանիզմը , որն անհատական հոգեբանության մեջ ձևակերպվում է «ես չգիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ» բանաձևով: Եվ հիմա դատավարության մասնակիցների ու նաև անկողմնակալ դիտորդների վրա փորձում է տպավորություն թողնել թե ինքը չգիտե, իրականում Ջհանգիրյանի հետ ինչ է կատարվել, ինչու է կատարվել, գործում ինչն է իրական, ինչն է կեղծ ու հորինած: Դրածո վկաներ է հարցաքննում, կեղծ ապացույցներ է հետազոտում, իբր ճշմարտությունը բացահայտելու նպատակով:
Բայց շուտով այս երկդիմի վիճակը Վարդանյանի համար ևս ավարտվելու է ու նա էլ չի կարող թաքնվել «ես չգիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ»-ի հետևում ու պետք է դատավճիռ արձակի, լրացնելով իր որպես դատավոր, որպես մարդ, քաղաքացի նկարագրի մի շտրիխ ևս, գուցե թե վերջին ու ամենակարևոր շտրիխը, կենսաթոշակի հեռանալուց առաջ:
Ինչպես որ, այս նույն դատարանում ընդամենը մի քանի օր առաջ, ստիպված եղավ ապօրինի հերթական ակտը կայացնել «Ես Սմբատի նման տղուն 2 տարի չեմ տա, ախր ոչ մի հոդված հիմնավորված չի» սրա-նրա մոտ, մեծ-մեծ խոսող, հոխորտացող Ավետիսյան Գագոն:
Իմ այլևս նախկին կոլեգաներ, ձեր ներկա վարքագիծը ինձ հիշեցնում է այն եզդի տղամարդու պատմությունը (թող ինձ ներեն իմ եզդի լավ բարեկամները), ում շուրջը շրջան գծելուց հետո, անպաշտպան մնացած գեղեցկուհի կնոջը օրը ցերեկով, նրա աչքերի առաջ բռնաբարում են ու երբ խեղճ կինը վեր է կենում շորերը թափ տալով ու "քո տղամարդ ասողի …." բառերով թուք ու մուր է տալիս ու անիծում ամուսնուն, ամուսինը քաջաբար, հպարտ-հպարտ հանդիմանում է, թե "այ կնիկ բա դու չտեսար թե էդ ժամանակ ես աջ ոտս երկու անգամ թաքուն գծից ոնց դուրս դրի":
Այնպես որ ոչ կուրծք ծեծեք, ոչ էլ գաղտնի գլուխ գովեք:
Սիրելի ժողովուրդ հավատացեք, ոչ մի դատավոր ու դատախազ նախօրոք չեն իմանում թե ինչ են անելու, ինչպես են վարվելու մեր` քաղաքական բանտարկյալների գործերով: Դեռ պետք է գնան խանի դուռը` իբր զեկույցի ու քննարկման, իրականում` ինստրուկտաժի, հրահանգավորման: Ու երբ գա ժամը բոլոր դատախազ-դատավորները, այդ թվում Փիլոյանն ու Վարդանյանը, սուս ու փուս, առանց ծպտուն հանելու կատարելու են մեծ խանի ֆարմանը:
Հերթը Ձերն է պարոնայք...
