NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ծեծողներից մեկի ինքնությունը պարզվել է
ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում շարունակվում է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Էդիկ Բաղդասարյանին ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ նախաքննության ընթացքում Էդիկ Բաղդասարյանը ճանաչվել է որպես տուժող: Դատաբժշկական փորձաքննության թիվ 1887 եզրակացության համաձայն՝ Էդիկ Բաղդասարյանի մարմնական վնասվածքները՝ գանգուղեղային տրավմայի՝ գլխուղեղի ցնցման, գլխի ձախ կողմնա-ծոծորակային շրջանների սալջարդ վերքերի, կրծքային 2-րդ ողի, աջ ուսահոդի շրջանների քերծվածքների, աջից թիակային, աջ ուսահոդի, աջ բազկի շրջանների արյունազեղումների ձեւով պատճառված են բութ առարկաների ազդեցությամբ: Ծոծրակային շրջանի սալջարդ վերքի եւ կրծքային 2-րդ ողի շրջանի քերծվածքի առաջացումը բացառված չէ լրացուցիչ ուժի ազդեցության պայմաններում, վայր ընկնելու հետեւանքով: Փորձագետի տեղեկացմամբ՝ մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը հնարավոր է որոշել միայն դեպքից 21 օր հետո՝ 08.12.08թ-ին:
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք վկաներ՝ դեպքի վայրի հարակից տարածքներում գտնվող շենքերի բնակիչները, կրպակների, հանրային նշանակության օբյեկտների աշխատակիցները: Դեպքի վերաբերյալ գրավոր զեկուցագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանության ուսումնական կենտրոնի տեսուչը, ով ականատես էր եղել լրագրողի նկատմամբ կատարված բռնությանը:
Նախաքննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում կազմվել է կատարված հանցագործության մասնակիցներից մեկի նկարագիրը, պարզվել ինքնությունը: Միջոցներ են ձեռնարկվում այդ անձին, մյուս հանցակիցներին, ինչպես նաեւ ականատես վկաների հայտնաբերելու ուղղությամբ։
