Հաղորդում դեպքից ութ ամիս անց

Գլխավոր դատախազի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նոյեմբերի 22-ին ստացել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի հաղորդումը՝ թիվ 9/31 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, տեղակալի, անդամների և այլոց կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների քվեարկության արդյունքներն աղավաղելու և կեղծելու վերաբերյալ:

Պարզվել է, որ Երևանի 9/31 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, նախագահի տեղակալ Ալվարդ Հովհաննիսյանը, քարտուղար Մարգարիտա Այվազյանը, հանձնաժողովի անդամներ Լեյլա Գրիգորյանը, Ռոզա Հովսեփյանը և այլոք ՀՀ Նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունում մտցրել և իրենց ստորագրություններով հաստատել են ակնհայտ սխալ, աղավաղված տվյալներ՝ կեղծելով քվեարկության արդյունքները: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ձերբակալվել է:

Իսկ թե ինչու է Գարեգին Ազարյանը այս մասին հիշել ընտրություններից 8-9 ամիս անց` պարզ չէ: