NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Օմբուդսմենի ներկայացուցիչները խախտումներ են հայտաբերել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ 2008 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգման խմբի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռ. Մարտիրոսյանը, քաղաքացիական, սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների վերականգնման խմբի ղեկավար Տ. Մարտիրոսյանը, նույն խմբի մասնագետ Գ. Մարուքյանը և արագ արձագանքման հարցերով պատասխանատու Ա. Մաշինյանը, այցելել են ՀՀ Լոռու մարզ:
Այցի ընթացքում պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանի, քաղաքապետարանի գույքի կառավարման, եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վ. Դարբինյանի հետ, այցելել «Լոռու մարզի Հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ, Ստեփանավան քաղաքում տեղակայված զորամաս, ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժին:
Քաղաքապետ Ս. Դարբինյանը հայտնել է, որ քաղաքացիների դիմում-բողոքների մեծ մասն արդյունք են իրենց իրավունքների և պարտականությունների ոչ լիարժեք պատկերացման: Բնակչության իրավագիտակցությունը գտնվում է ցածր մակարդակի վրա: Չնայած յուրաքանչյուր չորեքշաբթի օրը քաղաքապետը կատարում է քաղաքացիների ընդունելություն, սակայն բնակիչներն այցելում են յուրաքանչյուր պահի: Քաղաքապետի հավաստմամբ բնակիչները բողոքում են հիմնականում սոցիալական խնդիրներից: Համայնքի բյուջեի հիմնական մաս է կազմում գույքահարկից հավաքագրվող գումարները: Բնակիչների մեծ մասը ժամանակին վճարում են գույքահարկ, իսկ ովքեր չեն վճարում՝ քաղաքապետարանը հայցով դիմում է դատարան՝ գումար բռնագանձելու պահանջով: Քաղաքապետարանը նաև օժանդակություն է ցուցաբերում սոցիալապես անապահով անձանց:
Սակայն համայնքի ավագանին, ըստ քաղաքապետարանի աշխատակազմի գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետի հայտարարության, գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշումներ երբևէ չի կայացնում՝ պատճառաբանությամբ, որ դա կարող է նախադեպ լինել հետագայում բնակչության կողմից հարկերից խուսափելու և արտոնություն ստանալու համար:
Համայնքին դոտացիաներ է հատկացնում նաև ՀՀ կառավարությունը:
Համայնքի ղեկավարի հետ քննարկվել են նաև ինքնակամ շինարարության, դրանց հետևանքների վերացման, ինչպես նաև հետագա ճակատագրի որոշման հարցեր:
Քաղաքապետ Ս. Դարբինյանը հայտնել է, որ ինքնակամ շինարարության դեպքեր հայտնաբերելիս դրանք կանխվում են, իսկ եթե կառուցապատողներին հաջողվում է այն հասցնել ավարտին, ապա համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվող ինքնակամ շինությունները հիմնականում քանդվում է: Սակայն կան բազմաթիվ ինքնակամ կառույցներ, այդ թվում նաև բնակելի տներ, որոնք ունեն տարիների վաղեմություն և մինչ օրս չեն օրինականացվել: Այդ կարգավիճակում գտնվող բազմաթիվ քաղաքացիներ անտեղյակ լինելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամաuերի իրավական կարգավիճակի մաuին» ՀՀ օրենքի մասին /ընդունված 26.12.2002թ., որի գործողության ժամկետը եղել է երկու տարի/, չեն օրինականացրել ինքնակամ շինությունները կամ ինքնակամ զբաղեցված հողամասերը, իսկ ներկայումս գործող՝ ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների oրինականացման և տնoրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման շրջանակում հնարավորություն չունեն օրինականացնել իրենց կողմից տասնյակ տարիներ օգտագործվող գույքը, քանի որ որոշմամբ սահմանված օրինականացման վճարները շատ բարձր են:
Նախագծային փաստաթղթերին համապատասխան շինարարություն իրականացնելու վերահսկողության խնդիրը քաղաքապետարանի համապատասխան մասնագետների վրա շատ խիստ է դրված, որոնք մշտապես հսկողություն են իրականացնում դրանց նկատմամբ:Օմբուդսմենի ներկայացուցիչները այցելել են զորամաս : Զորամասի ճաշարանի մասնաշենքը նորակառույց էր և գտնվում էր բավականին լավ վիճակում: Խոհանոցում որպես խոհարարներ աշխատում էին քաղաքացիական անձիք, իսկ մնացած աշխատանքները կատարվում էին զինծառայողների կողմից՝ սահմանված կարգով վերակարգ ընդունելու միջոցով: Պատերին փակցված էին սանիտարահիգիենիկ պայմաններին վերաբերող հանձնարարականները և սննդային պարտադիր նորմատիվները: Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են նաև ճաշարանի վերակարգի հրահանգավորման, վերակարգի բժշկական ստուգման և սննդի պատրաստման որակի հսկողության հաշվառման մատյանները, որոնք սահմանված կարգով լրացված են եղել:
Այցի պահին զորամասի բուժմասում բուժում էին ստանում թվով չորս զինծառայաղներ, որոնք վարակված էին սուր ռեսպիռատոր վիրուսային հիվանդությամբ: Զորամասի բուժմասի մասնաշենքը՝ մասնավորապես տանիքը կարիք ուներ վերանորոգման: Թերևս զորամասում առկա է եղել կենտրոնացված ջեռուցում, սակայն այն միացվել է միայն երեկոյան ժամերին: Պաշտպանի ներկայացուցիչներըն արձանագրել են, որ տվյալ պահին բուժմասի հիվանդասենյակներում օդի ջերմաստիճանը սահմանվածից ցածր է, ինչի հետ համաձայնվել է նաև զորամասի բուժ. ծառայության պետը:
Շրջայցից հետո, պարտադիր շարքային կազմի զինծառայողներին հակիրճ ներկայացվել է խմբի այցելության նպատակը: Զինծառայողները դժգոհություններ և գանգատներ չեն ներկայացրել զինվորական ծառայության պայմանների վերաբերյալ:
Նշել են նաև, որ նախատեսված ամսեկան դրամական բավարարումը ստանում են ամբողջությամբ, իսկ իրենց արձակուրդների տրամադրման հետ կապված որևէ բողոք չունեն, քանի որ այն տրամադրվում է համաձայն գրաֆիկի, որում համոզվել են պաշտպանի ներկայացուցիչներն՝ ուսումնասիրելով նշված ժամանակացույցը:
Իրավական անկյունները հագեցած տեղեկություններ են պարունակել զինվորական ծառայության, զինծառայողների իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության վերաբերյալ: Հրամանատարությունը պատրաստակամություն է
հայտնել իրավական անկյունը համալրել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի վերաբերյալ տեղեկություններով:
«Լոռու մարզի Հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ կատարած այցի ժամանակ Պաշտպանի ներկայացուցիչները զրուցել են դիսպանսերի տնօրեն Գ. Քալանթարյանի հետ: Նա հայտնել է, որ դիսպասերում հաշվառված են մոտ 4000 ամբուլատոր բուժում ստացող այցելուներ, իսկ ներկա պահին ստացիոնար բուժում են ստանում թվով 25 հիվանդներ, դիսպանսերն ընդհանուր առմամբ հնարավորություն ունի ստացիոնար բուժում իրականացնել 35 հոգու համար: Տնօրենը նշել է նաև, որ դիսպանսերում ստացիոնար բուժում ստացող 25 հիվանդներից հինգ հոգու նկատմամբ՝ համաձայն դատական ակտերի իրականացվում է հարկադիր բուժում, իսկ երկուսը ի պահ են հանձնված: Ընդ որում, մի հիվանդի ի պահ հանձնումը կատարվել է ՀՀ ոստիկանության քննչական վարչության Լոռու քննչական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ՝ Իսպիրյանի 20.10.2008 թվականի թիվ 7/15 4938 գրության հիման վրա, իսկ մյուսի ի պահ հանձնումը՝ ՀՀ ոստիկանության Սպիտակի քննչական բաժնի քննիչ Գ. Շուշանյանի 01.11.2008 թվականի որոշման հիման վրա՝ առանց դատարանի հաստատման:
Պաշտպանի ներկայացուցիչները եղել են նաև դիսպանսերի աշխատանքային թերապիայի կարի արհեստանոցում, ծանոթացել ստացիոնար բուժում ստացող հիվանդների կողմից կատարված աշխատանքներին:
Մարզի հոգեբուժական խնդիրների քննարկման ընթացքում դիսպանսերի աշխատակցուհիներից մեկը նշել է, որ մարզում գործում է մեկ նեվրոպատոլոգ Ալավերդի քաղաքում, մեկ կոնսուլտանտ Ստեփանավան քաղաքում, որը շաբաթվա մեջ երկու անգամ այց է կատարում Տաշիր: Այդ պատճառով էլ սրացված հոգեբուժական խնդիրներ ունեցող և հեռավոր գյուղական բնակավայրերում բնակվող բնակիչների բուժման խնդիրները մնում են չլուծված:
Դիսպանսերի անձնակազմը դժգոհություն է հայտնել պետական ֆինանսավորումից, ինչի արդյունքում նրանք հիմնականում կարողանում են հիվանդների սնունդն ու հագուստը հայթայթել դոնոր կազմակերպությունների ֆինանսավորման միջոցներով: Բացի այդ դժգոհություն են հայտնել նաև իրենց աշխատավարձերի ցածր լինելու հանգամանքից:
Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ: Հանդիպման ընթացքում նրա կողմից բարձացվել են մարզում մարդու իրավունքներին վերաբերող մի շարք հիմնախնդիրներ:
Մասնավորապես հիմնական հարցը վերաբերվել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներին: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք տվող ապահովագրական ստաժ ունեցող և սույն օրենքի 37-րդ հոդվածով սահմանված տարիքը չլրացած անձն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում պարտավոր է հաշվառվելու համար դիմել իր մշտական բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Առաջանում են խնդիրներ, մասնավորապես կապված այն հանգամանքի հետ, որ հաճախ քաղաքացիները չիմացության պատճառով համապատասխան դիմումները Ծառայությանը ներկայացնում են օրենքով սահմանված տարիքը լրանալուց հետո, ինչի արդյունքում զրկվում են երկարամյա ծառայության համար հասանելիք մասնակի կենսաթոշակի իրավունքից: Հանդիպման ժամանակ նշվեց նաև, որ աշխատանքային ստաժի հաստատման հետ կապված անհրաժեշտ արխիվային տեղեկանքի ներկայացման կապակցությամբ ևս առաջանում են խնդիրներ: Մասնավորապես տեղեկացվեց որ համաձայն ՀՀ կառավարության 2007թ. հունիսի 21-ի «Երկրաշարժի հետևանքով Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքի քաղաքացիների պահովագրական ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության պատճառով ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 820-Ն որոշման ստեղծվել է հանձնաժողով, որը սակայն իր գործառույթները չի կատարում:
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժին կատարված այցելության ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են բաժնի պետ Հ. Հովհաննիսյանին: Վերջինս հայտնել է, որ ներկա պահին բաժնում ձերբակալված անձինք չկան:
Այնուհետև պահանջվել է ձերբակալված անձանց հաշվառման մատյանը, որի ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է հետևյալ խախտումները՝
թիվ 25 տողում գրառված էր, որ Ստեփան Ռոբերտի Սարգսյանը 04.03.08թ. ժամը 03.50-ին ձերբակալվել է, 13.03.08թ. ժամը 14.05-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վանաձորի» ՔԿՀ:
թիվ 43 տողում գրառված էր, որ Վլադեն Ղուկասյանը 17.03.08թ. ժամը 00.30-ին ձերբակալվել է, իսկ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ է տեղափոխվել 22.03.08թ. ժամը 11.50-ին:
թիվ 44 տողում գրառված էր, որ Արտակ Հարությունյանը 17.03.08թ. ձերբակալվել է, 24.03.08թ. տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյանի» ՔԿՀ:
թիվ 48 տողում գրառված էր, որ Էդգար Ավագյանը 18.03.08թ. ձերբակալվել է, իսկ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ է տեղափոխվել 25.03.08թ. ժամը 11.50-ին:
թիվ 52 տողում գրառված էր, որ հետախւզման մեջ գտնվող Էդիտա Ներկարարյանը (խափանման միջոցը կալանք) 21.03.08թ. բերվել է ՁՊՎ, իսկ ՀՀ ԱՆ «Աբովյանի» ՔԿՀ է տեղափոխվել 27.03.08թ. ժամը 11.50-ին:
թիվ 96 տողում գրառված էր, որ Ալվարդ Վանոսյանին կալանքի որոշումով բերվել է ՁՊՎ 24.05.08թ., իսկ ՀՀ ԱՆ «Աբովյանի» ՔԿՀ է տեղափոխվել 30.05.08թ.:
թիվ 104 տողում գրառված էր, որ Խաչատուր Հարությունյանը 03.07.08թ. ձերբակալվել է, իսկ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ է տեղափոխվել 10.03.08թ. ժամը 11.50-ին:
թիվ 137 տողում գրառված էր, որ Ռաֆիկ Կռոյանը 09.08.08թ. ձերբակալվել է, իսկ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ է տեղափոխվել 15.08.08թ.:
թիվ 138 տողում գրառված էր, որ Հասմիկ Մելիքյանը 09.08.08թ. ձերբակալվել է, իսկ ՀՀ ԱՆ «Աբովյանի» ՔԿՀ է տեղափոխվել 16.08.08թ.:
թիվ 165 տողում գրառված էր, որ Արմեն Շահինյանը (խափանման միջոցը կալանք) 05.09.08թ. բերվել է ՁՊՎ, իսկ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ է տեղափոխվել 10.09.08թ. ժամը 11.50-ին:
թիվ 186 տողում գրառված էր, որ Դոնարա Ղումուշյանը 14.10.08թ. ձերբակալվել է, իսկ ՀՀ ԱՆ «Աբովյանի» ՔԿՀ է տեղափոխվել 21.10.08թ.:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137 հոդ. 2-րդ կետի, ինչպես նաև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջներից է, այն, որ կալանավորված անձը չի կարող 3 օրվանից ավելի պահվել ձերբակալվածներին պահելու վայրերում, բացի այն դեպքերից, երբ ձերբակալվածներին պահելու վայրից քննչական մեկուսարան կամ, օրենքի պահանջներին համապատասխան, կալանավորվածներին պահելու այլ վայրեր նրա տեղափոխումը հնարավոր չէ տրանսպորտային հաղորդակցության բացակայության պատճառով:
Փաստորեն, վերը նշվածը հիմնավորում է իրավասու մարմինների կողմից ՀՀ քր. դատ. օր-ի պահանջների չկատարման դեպքերը, ինչը ՄԻՊ-ի աշխատակազմի աշխատակիցների կողմից արձանագրվել է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են նաև ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ, հանդիպել հիմնարկի պետ Ալչանկյանին և քննարկել հիմնարկում առկա հիմնախնդիրները: Վերջինս հայտնել է, որ միակ խնդիրը, որը դեռևս լուծված չէ, վերաբերում է նախկին բժշկի աշխատանքից ազատվելուց հետո նոր բժշկի աշխատանքի ընդունմանը:
Պաշտպանի ներկայացուցիչները զրուցել են դատապարտյալ Սարգիս Հակոբյանի /ՀՀ քր. օր. 112 հոդված/ հետ, որն իր դժգոհությունն է հայտնել դատարանի վճռից: Զրույցի ընթացքում նրան բացատրվել է, որ դատական ակտի բողոքարկումը կարող է կատարվել միայն դատական կարգով:
Մեկ այլ դատապարտյալ Պավլե Ջիլավյանը նշել է, որ ինքը որևէ բողոք չունի դատավճռից կամ պահման պայմաններից, սակայն ունի խնդիր բնակարանի հետ կապված: Նա մասնավորապես հայտնել է, որ իր մոր կողմից օգտագործվող բնակարանը նրա մահից հետո սհմանված կարգով անցել է համայնքի հաշվեկշռին, որտեղից որդին զորակոչվել է բանակ, իսկ կինն ու աղջիկը հեռացել են իրենից: Որդին 2009թ. մայիս ամսին զորացրվելուց հետո ունենալու է բնակության հետ կապված խնդիրներ: Դատապարտյալը նաև հայտնել է, որ նույն խնդիրն ունենալու է նաև ինքը պատժի կրումն ավարտելուց հետո:
Կալանքի տակ պահվող Սամվել Սիմոնյանը հայտնել է, որ բողոքում է նախաքննությունից, քանի որ մինչև այժմ պարզ չէ, թե ինչի հիման վրա են իրեն պահում կալանքի տակ: Նա մասնավորապես նշել է, որ իրեն ներկայացվել է միայն անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, այն էլ կալանքի վերցնելուց 18 օր անց, իսկ ինչ վերաբերում է կալանքի վերցնելուն, ապա դա կատարվել է իր կողմից ինքնակամ ոստիկանական բաժանմունք ներկայանալիս:
Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են նաև դատապարտյաների հետ երկարատև և կարճատև տեսակցության սենյակների, ինչպես նաև դատապարտյալների պատժախցերի և ճաշարանի պայմաններին, որոնք եղել են բարվոք :
