NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հանդիպում օմբուդսմենի մոտ
Նոյեմբերի 20- ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդիպեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թամաս Համերբերգի հետ:
ՀՀ օմբուդսմենի գրասենյակը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում Պաշտպանը դրական գնահատեց փաստահավաք խմբի ստեղծումը և նշեց, որ սա առաջընթաց քայլ է, որ նախագահի կարգադրությունը որևէ հակասահմանադրական դրույթներ չի պարունակում և նպատակահարմար համարեց միջազգային փորձագետների մասնակցությունը փաստահավաք խմբի աշխատանքներին:
Մարտի 1-2-ի իրադարձությունների գործով կալանավորների հարցին անդրադառնալով, Արմեն Հարությունյանը իր մտահոգությունը հայտնեց “7-ի գործով” կալանվորված անձանց փաստաբանների ներկայացրած խնդիրների վերաբերյալ: Համարելով, գործերի նմանատիպ ընթացքը միակողմանի և ոչ օբյեկտիվ, Պաշտպանը նշեց, որ վտանգվում է հանրապետության հեղինակությունը, և ի հայտ են գալիս իրավագիտության մեջ նոր հասկացություններ: Պաշտպանն իր գոհունակությունը հայտնեց, որ դատարանը երկարաձգել է “7-ի գործով” կսալանավորների գործերին ծանոթանալու ժամկետը:
Խոսելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների մասին, Պաշտպանը կարծիք հայտնեց, որ բռնության մշկույթ ձևավորողները, չեն կարող երաշխավորված լինել բռնության զոհ դառնալուց: Սա նույնպես վտանգում է երկրի կայունությունը:
Պաշտպանը նշեց, որ մեղավորներին չբացահայտելու դեպքում ճիշտ կլինի քննարկել, օպերատիվ հետախուզական աշխատանքները ղեկավարող պաշտոնյաների մասնագիտական որակավորման հարցը:
Պաշտպանը ներկայացրեց նաև համաներման և ներման ինստիտուտների տարբերությունը, նշելով, որ համաներման համար չի պահանջվում դատարանի վերջնական վճիռը, ինչպես նաև մեղքի ընդունումը:
