NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Առաջին «առանց հղումների» հանդիպումը
Երևանում ընթանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը Հայաստանի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ։
«Խորհրդարանին և ժողովրդին ուղղված իմ ուղերձում ես խոստացա, որ կլինեմ նախաձեռնող հանդիպումների, որոնց ժամանակ կքննարկվեն մեր ժողովրդի համար կենսական հարցեր և այդ հանդիպումներին կհրավիրեմ բոլոր քաղաքական կուսակցությունների առաջնորդներին: Նման մեխանիզմը ոչ միայն կնպաստի որոշումների ընդունման գործում կուսակցությունների դերի բարձրացմանը, այլև խթան կդառնա քաղաքական դաշտի հետագա զարգացման համար: Մեր հանդիպումները նման ձևաչափում նվիրված կլինեն կոնկրետ թեմայի, և ես չեմ բացառում, որ հետագայում մենք կանցկացնենք արտագնա խորհրդակցություններ, որոնք կկազմակերպվեն այն վայրում, որն անմիջական կապ կունենա քննարկվող հարցի հետ: Այս հանդիպումների կարևորությունը պայմանավորված է երկրի համար կենսական հարցերի շուրջ միմյանց կարծիքը լսելու և հարցերի բազմազանության մեջ կողմնորոշվելու, ինչպես նաև հնարավորինս միասնական դիրքորոշում ձևավորելու հնարավորությամբ։ Հանդիպումները կանցկացվեն փակ ձևաչափով «առանց հղումների: Այս ձևաչաձը բոլոր մասնակիցներին հնարավորություն կընձեռի ազատ մասնակցել քննարկումներին և ազատ արտահայտել իրենց դիրքորոշումը, իսկ «առանց հղումների» նշանակում է, որ այս հանդիպումներից հետո մեր հասարակական գործունեության ժամանակ մենք կկարողանանք հիմնվել այստեղ բարձրաձայնած մտքերի վրա, սակայն միաժամանակ կպայմանավորվենք, որ չենք անի ուղղակի հղումներ, թե կոնկրետ ով է բարձրաձայնել այս կամ այն միտքը», հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովին եւ ժողովրդին ուղղված իր առաջին ուղերձում էլ Սերժ Սարգսյանը խոստացավ ավանդույթ դարձնել նման ուղերձները:
