«Իրավական աջակցություն թմրամիջոց գործածողներին»

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ Ստեփանավանի «Ֆորտունա» հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի է ունեցել «Իրավական աջակցություն թմրամիջոց գործածողներին» ծրագրիառաջին ուղիղ հեռուստաեթերը: Ծրագրի նպատակը անվճար իրավական աջակցության ցուցաբերումն է թմրամիջոց գործածող անձանց:

ՀՔԱՎԳ–ից տեղեկացնում են, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցները եւ վերջին օրենսդրական փոփոխությունները:

Հեռուստադիտողները հնարավորություն են ունեցել հարցեր տալ բանախոսին։ Նրանց հետաքրքրում էր, թե արդյո՞ք թմրամիջոցներից կախվածության բուժման համար անհրաժեշտ է մասնագետի միջամտություն, ինչ ազդեցություն ունի շրջապատի անձանց վրա թմրամիջոցից կախվածություն ունեցող անձը, ինչում է կայանում թմրամիջոց գործածողների և ալկոհոլիզմով տառապողների բուժման տարբերությունը:

«Որ՞ն է թմրամիջոցի գործածումից հետ կանգնելու առաջին քայլը» հարցին ի պատասխան Արթուր Սաքունցը պատասխանել է. աջակցելը, հոգատար, խելացի վերաբերմունքը:

Ծրագրի ուղղություններից են թմրամիջոց գորածողներին անմիջական իրավաբանական խորհրդատվության տրամադրումը, նրանց դատական պաշտպանությունը: Երրորդ ուղղությունը նրանց նկատմամբ հարուցված քրեական և վարչական գործերով դատավարությունների մոնիթորինգն է, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատական պրոցեսների ժամանակ մարդու իրավունքների խախտումը համակարգային բնույթ ունի: Բացի Ստեփանավանից նման միջոցառումներ կանցկացվեն նաեւ Վանաձորում եւ Ալավերդիում։