NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանը կարող է միանալ ազատ տեղաշարժման ռեժիմին
Հայաստանը կարող է միանալ քաղաքացիների ազատ տեղաշարժման եվրոպական ռեժիմին, նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովը։
Նա նշել է, որ Հայաստանը կարող է միանալ այդ ռեժիմին «եվրոպական հարեւանության» ծրագրի շրջանակներում։
«Սակայն անհրաժեշտ է իրատես լինել և պահպանել խաղի կանոնները՝ ռեժիմը ստանալու համար։ Մասնավորապես, անհրաժեշտ է համոզված լինել, որ Հայաստանից գնացողները չեն համալրի Ֆրանսիայում արդեն գոյություն ունեցող անօրինական բնակվողների բանակը», - ասել է Սմեսովը։
Միաժամանակ նա նշել է, որ այսօրվա դրությամբ դեսպանատանը վիզաների տրամադրման հարցում մերժումների թիվն ավելի ցածր է, քան Հայաստանում ներկայացված եվրոպական երկրների մյուս դեսպանատներում։
«Մեծ մասամբ դեսպանատունը վիզաների տրամադրման հարցում մերժում է տուրիստական ընկերությունների կողմից ներկայացված հայտերին, ինչը պայմանավորված է բիոմետրիկ տվյալների նոր համակարգի ներդրմամբ», - ասել է Սմեսովը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ այդ համակարգը գործում է ոչ միայն Հայաստանում այլև ԱՊՀ այլ երկրներում։
