Դատապարտում է նաեւ ՀՀ վարչապետը

Հարձակման ենթարկված լրագրող Էդիկ Բաղդասարյանին այսօր անակնկալ ձևով այցելած վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողներին ասել է, որ դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում և հույս է հայտնել, որ մեղավորները շուտով կբացահայտվեն։

«Հետաքննությունը շատ արագ տեմպերով առաջ ընթանում է, մենք համոզված ենք, որ շատ կարճ ժամանակում մեղավորները կբացահայտվեն։ Անշուշտ, մենք մտահոգված ենք այսպիսի իրադարձությունների զարգացումով և գտնում ենք, որ անհրաժեշտ է, որպեսզի երկխոսություն լինի լրատվական միջոցների հետ՝ ընդհանուր առմամբ խաղի կանոնները հստակեցնելու համար։ Միջավայրն այնպիսին պետք է լինի, որ հարգալից վերաբերմունք լինի փոխադարձաբար և, կարծում եմ, դրա անհրաժեշտությունը կա լրատվական միջոցների, կառավարության և հասարակության միջև, և դա մեզ կհուշի, թե որոնք են ճիշտ լուծումները։ Մենք ակնկալում ենք, որ նախաձեռնություններ կլինեն նաև լրատվական միջոցների կողմից», հայտարարել է Տիգրան Սարգսյանը։