NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ադրբեջանը խախտել է հրադադարը
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, մոտավորապես առավոտյան ժամը 4-ին, Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ջոկատը հատել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հատվածը հարավարևելյան ուղղությամբ՝ փորձելով անցում կատարել ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների թիկունք, որոնք ռազմական հերթապահություն են սահմանում Աշաղի Սեիդախմեդլի բնակավայրից ոչ հեռու գտնվող դիրքերում։
ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողները գրեթե մեկուկես ժամ տևած մարտի արդյունքում ետ են մղել հակառակորդին նախկին դիրքերը։
«Ադրբեջանական կողմը մարտի դաշտում թողել է մեկ զոհ։ Ղարաբաղյան կողմից զոհեր չկան», - ասվում է տեղեկատվության մեջ։
ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության տվյալներով, սա հերթական լուրջ միջադեպն է 2008 թ.-ի մարտի 3-ի լույս 4-ի գիշերը ադրբեջանական բանակի դիվերսիոն խմբի կողմից ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղի մոտակայքում ղարաբաղյան բանակի դիրքերի վրա հարձակումից հետո։
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այն փաստի վրա, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը հենց այն պահին, երբ տարածաշրջանային այցի շրջանակներում Ստեփանակերտում էին գտնվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
