NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Էրդողանը կրկնում է իր առաջարկը
Today's Zaman թուրքական թերթը տեղեկացնում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերստին Հայաստանի կառավարությանը կոչ է արել բացել արխիվները 1915 թվականի իրադարձություններն ուսումնասիրելու համար։ Առաջին անգամ նման առաջարկ եղավ 2005 թվականին: Էրդողանը նամակ էր ուղարկել Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ առաջարկելով ստեղծել հայ և թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով 1915 թվականի իրադարձություններն ուսումնասիրելու համար։
«Մեր առաջարկությունը դեռ օրակարգում է։ Եկեք այդ գործը թողնենք պատմաբաններին», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում անցկացված խորհրդաժողովի ժամանակ։ «Մենք բացել ենք մեր արխիվները, և հայերը նույնպես պետք է հետևեն մեր օրինակին։ Տվյալ պահի դրությամբ մենք արդեն ուսումնասիրել ենք ավելի քան մեկ միլիոն փաստաթուղթ», - ընդգծել է Թուրքիայի վարչապետը՝ հավելելով, թե երկու կողմերն էլ պետք է հետևեն պատմաբանների վերջնական որոշմանը։
Հիշեցնենք, որ վերջերս թուրքական մամուլում հաղորդում էր հայտնվել այն մասին, որ մոտ ժամանակներս Թուրքիայի ազգային մեծ ժողովի օրակարգ կմտցվի «Ազգային արխիվի մասին» օրենքի նախագիծը, որը նախատեսում է Թուրքական արխիվներում պահվող պատմական փաստաթղթերի բնօրինակների պահպանության ռեժիմի խստացում։
Հաղորդման համաձայն՝ Թուրքիայի կառավարությունը ձեռնամուխ է եղել արխիվների պահպանության ռեժիմի խստացմանը, որպեսզի «Թուրքիայի Հանրապետությունը կարողանա ավելի լավ պաշտպանվել Հայոց ցեղասպանության գաղափարներից»։
«Ազգային արխիվի մասին» օրենքի նախագիծը, մասնավորապես, ծանր պատիժ է նախատեսում փաստաթղթերի գողության համար, ի դեպ, արխիվային են համարվում նաև փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները։
