NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քննարկվել են փախստականների հիմնախնդիրները
ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ տարածքային կառավարման միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը եւ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտայը քննարկել են փախստականներին վերաբերող հարցեր:
Աժ նախագահը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներին իրավական, սոցիալ-տնտեսական աջակցության, հասարակական կյանքին լիարժեք ինտեգրման գործընթացում Հայաստանի կառավարությանը սատարելու համար։ Այս առումով պարոն Աբրահամյանն ընդգծեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դերակատարությունը` նշելով, որ մշտապես զգացել է ուշադիր ու ջերմ վերաբերմունք իր նախորդ պաշտոններում։ Աժ նախագահը նաև նշեց, որ Ազգային ժողովն արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Փախստականների և ապաստանի մասին» օրինագիծը, որը մինչև տարեվերջ կընդունվի ամբողջությամբ։
ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտան գոհունակությամբ հայտնեց օրինագծի ընդունման կապակցությամբ, կարևորելով, որ ընդգրկվել են իրենց երկու առաջարկությունները և խնդրեց հետագայում անդրադառնալ ևս երկու առաջարկությունների, որոնք նպատակ ունեն առավել կատարելագործել օրինագիծը։ Տիկին Հալեպոտան Աժ նախագահին իրազեկեց, որ ավարտվել են փախստականների հարցերով խորհրդակցությունները` կառավարության, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների, փախստականների մասնակցությամբ, որոնց ներկա է եղել և ԱԺ մարդու իրավունքների ու հանրային հարցերի հանձնաժողովի նախագահը։ Արդյունավետ քննարկումների արդյունքում հստակեցվել են օրենսդրական ու գործնական խնդիրները, ամփոփվել են կատարված աշխատանքները և նախանշվել են անելիքները։ Նշվեց նաև, որ շարունակվում են մասնագետների վերապատրաստման դասընթացները Երևանում և մարզերում` ընդգրկելով ուսումնական հաստատությունները, դասընթացների կազմակերպմանը մեծապես աջակցում է ՀՀ տարածքային կառավարման միգրացիոն գործակալությունը։
Կարևորելով փախստականների խնդիրների օրենսդրական կարգավորումը` Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը տիկին Հալեպոտային խնդրեց աջակցել ոլորտին վերաբերող օրինագծերի փորձագիտական քննության կազմակերպման հարցում, որպեսզի դրանք համապատասխանեն միջազգային չափանիշներին և հակասություններ չունենան Սահմանադրության ու գործող օրենքների հետ։ Տիկին Հալեպոտան սիրով հանձն առավ նպաստել այդ հարցի լուծմանը։ Աժ նախագահը կարևորեց նաև փախստականների բնակարանային ապահովության խնդրի լուծումը, որին ևս ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը կարող է նպաստել` իր ծրագրերի շրջանակներում։ Ի պատասխան տիկին Հալեպոտան նշեց, որ 2009-ին կփորձեն նաև դոնորներին ներգրավել փախստականներին բնակարաններով ապահովման ծրագրերում` առավելևս, որ փախստականների մեծ մասը արդեն պատկառելի տարիքի են, հաճախ նաև խնամքի կարոտ։ 2009-ին սպասվում է Ճապոնիայի կառավարության 2, 6 ԱՄՆ դոլարի արժողությամբ մի ծրագրի իրականացում, որտեղ ընդգրկված են փախստականներով բնակեցված ամենակարիքավոր գյուղերը։
