NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սահմանը կբացվի՞
ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների հանրապետական միության նախագահ Արսեն Ղազարյանը հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայի հետ առևտրային ռեժիմ կհաստատի մինչև 2008 թվականի վերջը։
«Տվյալ պահին բանակցություններ և աշխատանքներ են տարվում Թուրքիայի Արդյունաբերողների միության հետ՝ հայկական ապրանքների ներկրման օրինականացման վերաբերյալ։ Թուրքիայի հետ համաձայնագրի ստորագրումը թույլ կտա առևտրային ռեժիմ ստանալ և հայկական արտադրության վկայականով դեպի Թուրքիա ապրանքի արտահանում հաստատել։ Դա թույլ կտա հայկական ապրանքի ուղիղ և օրինական մատակարարում ապահովել թուրքական շուկա՝ չսպասելով երկրների միջև քաղաքական երկխոսության հաստատմանն ու սահմանների բացմանը։ Սկզբնական փուլում քննարկվում է հայկական ալյումինային հսկա «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ-ի արտադրանքը ուղիղ Թուրքիա արտահանելու հարցը. «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ-ն ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողն է Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Փայլաթիթեղի պահանջարկը թուրքական շուկայում բավականին մեծ է, իսկ փայլաթիթեղի մատակարարում Հայաստանից կատարվում է, միայն թե երրորդ երկրների միջոցով։ Ինտեգրացիան ֆորումների և միությունների մակարդակով թույլ կտա զգալիորեն թեթևացնել երկու երկրների գործարարների փոխհարաբերությունները։ Եթե հաջողվի թեկուզ մեկ ապրանքի արտահանում հաստատել, ապա մյուս արդյունաբերողներին արդեն հեշտ կլինի թուրքական շուկա դուրս գալ։ Մենք պետք է փորձենք առաջ անցնել քաղաքական գործիչներից՝ հեշտացնելով նրանց աշխատանքը»,- նկատել է Արսեն Ղազարյանը։
Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը, ինչի հետևանքով Հայաստանի տնտեսությանը տարեկան 500 մլն դոլարի վնաս է հասցվում։
