NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գյումրիում թերթերը կթանկանա՞ն
Գյումրիի աղբյուրները տեղեկացնում են, որ երեք ամիս Գյումրու տպարանում թերթ չի տպագրվել՝ պայմանավորված վրաց-օսական հակամարտությամբ։
Պատերազմական իրավիճակի պատճառով Վրաստանի տարածքով Ռուսաստանից ներմուծվող տպագրական թուղթը երեք ամիս Հայաստան չէր մտնում:
Փոքր տպարանները, չունենալով պահեստավորված թուղթ, կանգնել էին ճգնաժամի առաջ: Գյումրու տպարանում հրատարակվում են մարզի վեց անուն թերթեր: Սրանցից ոմանք վերջին երեք ամիսներին չեն տպագրվել, շատ թե քիչ հնարավորություն ունեցող թերթերն էլ ընթերցող չկորցնելու համար դիմել էին երեւանյան տպարանների օգնությանը:
Վերջիններս իրենց ոչ մշտական հաճախորդին հրամցրել են բավականին կոշտ գնային քաղաքականություն: Գյումրու տպարանը երկու օր առաջ սպասված թղթի գլանակները ստացել է, սակայն դրանք տպարան են հասել նոր արժեքով: Նախկինում մեկ կիլոգրամ թուղթը տպարանը գնում էր 360 դրամով, նոր արժեքը 408 դրամ է, սակայն սա, ասենք այսպես, մեկնարկային գին է, նոր թանկացումները չեն բացառվում, ավելին՝ արդեն սպասվում են:
Սրա արդյունքում թանկանում է եւ տպագրությունը: Շղթայի վերջին օղակ հանդիսացող թերթը եւս ընթերցողին ներկայանում է նոր գնով` եթե ոչ շահեկան, գոնե տուժողի դերում չհայտնվելու համար:
Գյումրի տպարանը առայժմ գնային փոփոխություններ չի նախատեսում: Մինչդեռ երեւանյան տպարաններում արդեն գնաճ գրանցվել է, արդյունքում՝ Երեւանում տպագրվող որոշ շաբաթաթերթեր Գյումրիում արդեն վաճառվում են 150 դրամով: Թերթերից շատերն էլ ընթերցող չկորցնելու համար գինը չեն բարձրացրել, փոխարենը նվազեցրել են էջերի քանակը:
Գնային փոփոխությունն, այնուամենայնիվ, ընթերցողի որոշակի կորուստ, գոնե սկզբնական շրջանում ենթադրում է: Ամեն դեպքում թղթի թանկացումը հարվածում է նաեւ թերթավաճառների գրպանին, ովքեր աշխատավարձ ստանում են վաճառքից գոյացած հասույթի որոշակի տոկոսի չափով: Յուրաքանչյուր թերթից 15-20 դրամը թերթավաճառինն է: Ստացվում է, թղթի թանկացումից շահեկան դիրքում է հայտնվում ու գոհ է միայն արտադրողը, անմիջական ֆինանսական հարվածի տակ են հայտնվում տպարանը, խմբագրությունը, թերթավաճառը, վերջում, իհարկե, նաեւ ընթերցողը։
