NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սահմանադրության մեկնաբանմանը նվիրված երկրորդ սեմինարը
Մաքս-Պլանկի անվան արտասահմանյան հանրային և միջազգային իրավունքի ինստիտուտի և Տեխնիկական աջակցության գերմանական միության (GTZ) նախաձեռնությամբ՝ «Հայաստանի իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում, Երևանում բացվել է Սահմանադրական և սահմանադրական դատավարական իրավունքի բնագավառներում Հայաստանի սահմանադրական դատարանի անդամների և աշխատակիցների համար Սահմանադրության մեկնաբանմանը նվիրված երկրորդ սեմինարը։
«Կարծիք կա, որ սահմանադրական իրավունքի բնագավառում բացի Սահմանադրության մեկնաբանումից որևէ այլ խնդիր չկա։ Սակայն այստեղ գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ, օրինակ, ընդլայնված և նեղ մեկնաբանություն, վերացական և կոնկրետ և այլն։ Միաժամանակ Սահմանադրության ցանկացած մեկնաբանություն պետք է ընկալվի առանձնահատուկ կերպով: Հաճախ Սահմանադրության մեկնաբանումը առարկայից անջատ կարող է սուբյեկտին սխալ ուղղությամբ տանել: երկրում սահմանադրական մշակույթի զարգացած չլինելը սահմանադրական դատավարական բնագավառում կոնֆլիկտների է հանգեցնում: Ցանկանացած երկիր այպես թե այնպես խնդիրների հետ է առնչվում Սահմանադրության մեկնաբանման բնագավառում, և սեմինարի ընթացքում մենք ակնկալում ենք քննարկել խնդիրների առավելագույն քանակ՝ հաշվի առնելով Գերմանիայի փորձը», - բացման ժամանակ ասել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։
Նրա խոսքերով, երկօրյա սեմինարի հիմնական նպատակը Սահմանադրական դատարանի անդամների արդյունավետ աշխատանք իրականացնելուն օգնություն ցուցաբերելն է, որպեսզի դատական գործերի քննարկման ընթացքում Սահմանադրության մեկնաբանման գործընթացը առանձնացված չլինի քննարկվող առարկայից։
Մաքս-Պլանկի անվան արտասահմանյան հանրային և միջազգային իրավունքի ինստիտուտի գիտաշխատող Մատիաս Հարտվիգը նշեց, որ ամենակարևորը այն է, թե ինչպիսի տեխնիկա է կիրառում դատարանը Սահմանադրության մեկնաբանման համար։
«Մեկնաբանումն ինքնուրույն չի լինում, այն ելնում է տեքստից, իսկ տեքստի բառացի թարգմանությունը հաճախ այլ իմաստ է ձեռք բերում։ Այս պատճառով հաճախ անհրաժեշտ է լինում հաշվի առնել դրա պատմական կոնտեքստը», - ընդգծեց Հարտվիգը:
