NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՆԱՏՕ-ն ուզում է խառնվել գործին
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 5-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ։
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն ու Յաապ դե Հոոպ Սխեֆերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին և խաղաղապահ առաքելության իրականացման բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր։
Կողմերը բարձր են գնահատել Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության ներկա մակարդակը և գոհունակություն հայտնել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականցման ընթացքից։ Դրական է գնահատվել նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին զորավարժությունները։ Նախագահ Սարգսյանը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, որպես Հայաստանի անվտանգության բաղկացուցիչ մաս։
Կողմերը կարևորել են տարածաշրջանում երաշխավորված խաղաղության ու կայունութան հաստատումը` առկա խնդիրների քաղաքական բանակցային ճանապարհով լուծումը համարելով միակ ընդունելի ճանապարհ։
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել հայ-թուրքական երկխոսության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում արձանագրված տեղաշարժերը և աջակցություն է հայտնել այդ գործընթացներին։
