NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դավիթ Հարությունյան. Լավագույն լուծումը համաներումնէ
Մարտի 1-ի իրադարձությունների կալանավորված եւ նաեւ դատարանի վճռով ազատազրկված անձանց հարցի լուծման լավագույն տարբերակը թերեւս համաներումն է, նոյեմբերի 5-ին Երեւանում, Հայելի ակումբում հայտարարել է Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի, ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ասելով, թե ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերելու համար ազատազրկվածների հարցը պետք է անշուշտ լուծվի: Նա ասել է, որ այդ խնդիրը պետք է ստանա քաղաքական լուծում: Ինչ վերաբերում է պետական հեղաշրջման մեղադրանքով ազատազրկվածներին, ապա Դավիթ Հարությունյանն ասում է, թե այդ մասին կարող է խոսել միայն դատարանի վճռից հետո: Հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանն այդուամենայնիվ համաներում չարեց, Դավիթ Հարությունյանը պատասխանել է, թե դա նախագահի լիազորությունն է եւ ինքը չի կարող խոսել դրա պատճառների մասին: Իսկ հարցին, թե կանի արդյոք մինչեւ Նոր տարի, Հարությունյանը պատասխանել է, թե տեսական հարցադրումներին չի կարող պատասխանել: Հարությունյանը նաեւ ասել է, թե անձինք, ում կապակցությամբ կա դատավճիռ, բայց չեն ճանաչել իրենց մեղքը, նույնպես ընկնում են համաներման տակ, իսկ ահա անձինք, որոնք դեռեւս դատարանի վճռով դատապարտված չեն, կարող են ասել, որ չեն ցանկանում համաներում, այլ ուզում են, որ գործը գնա դատարան, քանի որ վստահ են, որ իրենց մեղքը չի ապացուցվի, եւ դատարանը կարդարացնի նրանց: Այդուհանդերձ, եթե դատարանը նրանց եւս դատապարտի, ապա նրանք էլ ընկնում են համաներման տակ: Դավիթ Հարությունյանը, ասելով, թե լավագույն լուծումը թերեւս համաներումն է, նշել է նաեւ, որ դեռեւս ժամանակ կա այլ լուծումների համար էլ: Հարցին, թե որոնք են այլ լուծումները, նա պատասխանել է, թե օրինակ այլ լուծում կարող է լինել ներումը, կամ կարող է լինել վճռաբեկ դատարանը, որը սահմանում է օրենքի կիրառման տեսանկյունից խաղի կանոնները եւ կարող է որոշել, թե ասենք որ դեպքում ոստիկանի ցուցմունքը կարող է ընդունվել հիմք, իսկ որ դեպքում չի կարող:
