NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայտարարություն սպանությունների մասին
Հայ Ազգային Կոնգրեսն իր հայտարարությամբ արձագանքել է վերջին մի քանի օրվա ընթացքում կատարված սպանություններին և հանցագործություններին.
«Հոկտեմբերի 27-ին նախօրերին Հայաստանում արձանագրվեց ծանր հանցագործությունների մի ողջ «շքահանդես», որին, ինչպես միշտ, անմասն չէին նաև իշխող «կուսակցությունների» տեղական իշխանիկները։ Մի քանի օրվա ընթացքում տարբեր շարժառիթնեով Երևանում, Սպիտակում, Ստեփանավանում տեղի ունեցավ 6 աղմկահարույց հանցագործություն` պատճառ դառնալով զոհերի, վիրավորների։
Այն, որ ներկա ավազակապետական համակարգի հիմքը քրեականությունն է, փաստվել է բազմիցս։ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը և 2008թ. մարտի 1-ի արյունոտ սպանդը դրա վառ ապացույցներն են։ Հանցագործությունների վերջին օրերի շղթան ցույց է տալիս, որ ահաբեկչությունը, դրված լինելով իշխանական վարքագծի հիմքում, աստիճանաբար դառնում է հասարակական հարաբերությունների հիմք ու կենցաղի անբաժանելի մաս։
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.
Հասարակական կյանքի խորացող քրեականացումը դառնում է պետական անվտանգությանն սպառնացող իրական վտանգ։ Ըստ էության, դա տեղի է ունենում ոչ միայն վարչախմբի բացահայտ թողտվության, այլև անսքող քաջալերանքի պայմաններում. մարտի 1-ի սպանդը, հարյուրավոր բացահայտ ապօրինի դատավարությունները, բարձրաստիճան պաշտոնյաների ու պետական մարմինների կողմից օրինախախտումները, ամիսներ շարունակ անմեղ մարդկանց բանտերում պահելը ստեղծում է ամենաթողության, անպատժելիության ու ինքնիրավչության մթնոլորտ։ Իրավապահ մարմինները ունակ չեն կանխելու հասարակական կյանքի քրեականացման վտանգավոր այս ընթացքը, նախ որովհետեւ նման հրաման չունեն, և երկրորդ՝ այդ մարմինների ողջ ռեսուրսը Սերժ Սարգսյանի հրահանգով նետված է քաղաքական ընդդիմության դեմ պայքարի ճակատ։ Օրինականության, ապահովության և արդարության վերադարձը Հայաստան հնարավոր է միայն լեգիտիմ, քաղաքական վարքագծի տեր և հասարակության առջև պարտավորություն ստանձնած իշխանության պայմաններում»։
