NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Պատահարներ հրազենի գործադրմամբ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը, 2008 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի բնակիչներ՝ Ա.Աղաջանյանը, Ա.Հակոբյանը եւ Ա.Գրիգորյանն իրենց վեց ընկերների հետ միասին, Ստեփանավանի քաղաքապետ Ս.Ղարաքեշիշյանին տեսնելու եւ Ա.Գրիգորյանի քրոջն աշխատանքից ազատելու հարցի վերաբերյալ նրանից պարզաբանում ստանալու նպատակով, գնացել են Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող «Դրախտ» կոչվող ռեստորան, ուր այդ պահին գտնվել է Ս.Ղարաքեշիշյանը:
Նշված հարցի կապակցությամբ նրանց միջեւ առաջացած վիճաբանության ժամանակ Ա.Գրիգորյանը, Ս.Ղարաքեշիշյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով երկու անգամ հարվածել է վերջինիս՝ դեմքի եւ պարանոցի շրջանում նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Ա.Գրիգորյանի, ինչպես նաեւ Ա.Հակոբյանի, Ա.Աղաջանյանի եւ մյուսների հարձակումներից պաշտպանվելու նպատակով՝ Ս.Ղարաքեշիշյանը կրակել է իրեն ամրակցված «Վիկինգ» տեսակի ՄՌ 02446-02090 համարի ատրճանակից, որի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել Ա.Գրիգորյանը, Ա.Հակոբյանը եւ Ա.Աղաջանյանը:
Դեպքից անմիջապես հետո Ա.Գրիգորյանը դիմել է փախուստի, իսկ Ս.Ղարաքեշիշյանը, Ա.Աղաջանյանն ու Ա.Հակոբյանը՝ տեղափոխվել Ստեփանավանի քաղաքային հիվանդանոց:
Նույն օրը դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի հատկանիշներով, որն ուղարկվել է ոստիկանության Լոռու քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու:
Հանձնարարվել է ոստիկանության մարմիններին օպերատիվ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ Ա.Գրիգորյանին հայտնաբերելու եւ դեպքի վերաբերյալ նախնական տեղեկությունները ճշտելու, բոլոր մանրամասները պարզելու, բացահայտելու ուղղությամբ:
Սպանվել է 4 անձ, մեկը՝ ծանր մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց
Նույն օրը ժամը 20:50-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի կենտրոնական ավտոկայանի տարածքում՝ Սպանդարյան փողոցում, ինքնությունը չպարզված, դիմակավորված անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակել է նույն փողոցում տեղադրված վագոն-տնակում գտնվող՝ Սպիտակ քաղաքի բնակիչներ Ստյոպա Դիլբարյանի, Վարուժան Մարտիրոսյանի, Նշան Դանիելյանի, Գարուշ Մարությանի եւ Վանաձոր քաղաքի բնակիչ Կարապետ Միսկարյանի ուղղությամբ: Ստացած հրազենային բազմաթիվ մարմնական վնասվածքներից Ս.Դիլբարյանը եւ Կ.Միսկարյանը տեղում մահացել են, իսկ Վ.Մարտիրոսյանն ու Ն.Դանիելյանը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Գ.Մարությանը, ստացած ծանր մարմնական վնասվածքով, գտնվում է հիվանդանոցում:
Նույն օրը դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնին:
Դեպքի վայրի տեղազննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի գնդակներ եւ 9 մմ տրամաչափի պարկուճներ ու գնդակներ: Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, քրեագիտական փորձաքննություններ:
Ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկվում են օպերատիվ միջոցառումներ, քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու եւ այն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։
