NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մամուլի ազատությունը նվազել է
Մամուլի ազատության հետ կապված իրավիճակը Հայաստանում նախորդ տարվա համեմատ ավելի վատ է: Այս կարծիքին է Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը: «Հայաստանում 2008 թվականին նահանջն ակնհայտ է, եւ դա, ամենից առաջ, պայմանավորված է մարտյան գրաքննությամբ` աննախադեպ մի բան, որ չէր եղել 15 տարի: Այդ գրաքննության հետեւանքները մենք զգում ենք մինչեւ այսօր, ընդհուպ մինչեւ, ասենք, ոչ հաճո ֆիլմերի ցուցադրման արգելումը։ Այնուհետեւ` վախվորածություն էլեկտրոնային լրատվամիջոցներում` քաղաքական ինֆորմացիա տարածելիս, եւ նրանց գործունեությունը ընտրությունների ժամանակ, որը դարձյալ որեւէ գնահատականի չի կարող արժանանալ» այս կարծիքին է Մեսրոպ Հարությունյանը։
Ըստ Մեսրոպ Հարությունյանի` «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2008 թվականի ցուցիչում Հայաստանի անբարենպաստ դիրքը պայմանավորված է նաեւ հետեւյալ փաստերով. «Պետական ապարատի աննախադեպ արշավը Գյումրիում գործող ԳԱԼԱ փոքր հեռուստաընկերության դեմ, օգոստոսյան հարձակումները լրագրողների նկատմամբ` 3-4 այդ դեպքերը, վերջապես` այն ցինիզմը, որով կառավարությունը արհամարհում է լրատվամիջոցների քննադատությունը ու դրա փոխարեն անհեթեթ պատճառաբանությամբ մի օրինագիծ է անցկացնում, որով, ըստ էության, զրկում է «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերություններին եւս երկու տարի եթեր վերադառնալու հնարավորությունից»:
«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը գտնում է, որ Հայաստանում մամուլի ազատության վիճակը տարածաշրջանում այլ երկրներից վատ չէ: Թերթի խմբագիրը միանշանակ համաձայն չէ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած տվյալներին. «Ոչ թե այն պատճառով, որ Հայաստանում խոսքի ազատության առումով մի հոյակապ վիճակ է, այլ ինձ համար շատ բաներ անհասկանալի են: Օրինակ, նույն կազմակերպությունը եթե անցած տարի Հայաստանին հատկացնում է 77-րդ տեղը եւ այս տարի արձանագրում է նման կտրուկ նահանջ, ապա ես փորձում եմ հասկանալ` ինչի՞ շնորհիվ: Այսինքն, այս մեկ տարվա ընթացքում Հայաստանում ի՞նչ է եղել»:
Մամուլի ազատության վիճակի վատթարացումը Հայաստանում եւ Վրաստանում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հիմնավորում է, մասնավորապես, երկու երկրներում արտակարգ իրավիճակ սահմանելու փաստով: Գագիկ Մկրտչյանն անհասկանալի է համարում նման հիմնավորումը. «Ցանկացած երկրում նման դեպքերում սահմանափակումներ մտցվում են: Օրինակ կարող եմ բերել Միացյալ Նահանգները, երբ 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ինչ խիստ սահմանափակումներ մտցրեցին։ Ընդհանրապես, նման կազմակերպությունների գնահատականները ունեն, այսպես կոչված, քաղաքական ենթատեքստ։ Դա իմ կարծիքն է, իմ անձնական կարծիքն է` դրանք օբյեկտիվ հիմքերի վրա կառուցված չեն», հայտարարել է Գագիկ Մկրտչյանը:
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը Հայաստանում մամուլի ազատության մակարդակը բացասական գնահատեց: Ինչ վերաբերում է նահանջին, ապա այն, ինչպես ենթադրում է «Առավոտի» խմբագիրը, «կապված է նախագահական ընտրությունները հեռուստաընկերությունների կողմից լուսաբանելու հետ, ինչպես նաեւ մարտի 1-20-ը բոլոր ոչ իշխանական տպագիր լրատվամիջոցները փաստացի փակելու հետ: Տվյալ հասարակական կազմակերպության գնահատականը, ինձ թվում է, միանգամայն իրատեսական է եւ օբյեկտիվ», - ընդգծել է Արամ Աբրահամյանը:
Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, իր հերթին, նկատել է. «Որ Հայաստանում այս տարի իրավիճակը վատացել է` ընտրարշավի պատճառով, մարտի 1-ից հետո` ես համաձայն եմ: Ուրիշ հարց, որ ես կասեի, որ տարվա առաջին կեսը վատ է եղել, հիմա մի քիչ կարող էի եւ պոզիտիվ դինամիկան տեսնել, բայց եթե գնահատվում է ամբողջ տարին, պարզ է, որ դա իրականությանը համապատասխանում է»։
Հիշեցնենք, որ «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ցուցիչ 2008» աշխարհի 173 երկրներում խոսքի ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցը։ Մեր երկրում վիճակը նախորդ տարվա համեմատ կտրուկ վատացել է. եթե անցյալ տարի Հայաստանը 23,63 ցուցիչով զբաղեցնում էր 77-րդ տեղը, ապա այս տարի մենք նահանջել ենք 25 հորիզոնականով և այժմ Թուրքիայի հետ կիսում ենք 102–րդ տեղը։ Մեր հարևան Ադրբեջանը ցուցակում նահանջել է 11 հորիզոնականով և զբաղեցնում է 150-րդ տեղը։
