Փաստահավաք խումբ ստեղծելու հրամանագիր

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին կարգադրություն է ստորագրել Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին:Կարգադրությունը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, ըստ հրամանագրի, փորձագետների փաստահավաք խումբը (այuուհետ` Խումբ) իրականացնում է 2008 թվականի մարտի 1-2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառների վերհանմանը եւ բացահայտմանն ուղղված փաստերի հավաքումը: Խմբի աշխատանքները նպատակ ունեն օժանդակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2008 թվականի հունիսի 16-ի Ն-086-4 որոշմամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի (այuուհետ` Հանձնաժողով) կողմից իր առջեւ դրված խնդիրների իրագործմանը: Խմբի գործունեությունը դադարում է անհրաժեշտ փաստերը, ինչպես նաեւ, եթե Խումբը համարում է անհրաժեշտ, փաստերի հնարավոր հակասությունները վերացնելուն ուղղված մեկնաբանությունները Հանձնաժողովին փոխանցելու պահից, բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի կողմից պահանջվում է անցկացնել լրացուցիչ քննություն իրադարձության վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով։

Սերժ Սարգսյանը առաջարկում է խմբի ձեւավորման հետեւյալ կարգը. Խմբի անդամներն առաջադրվում են իշխող քաղաքական կոալիցիայի, "Ժառանգություն" կուսակցության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժի կողմից. իշխող քաղաքական կոալիցիայի կողմից` երկու, "Ժառանգություն" կուսակցության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժի կողմից` մեկական անդամ: Խմբի մեկ անդամն առաջադրվում է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: