Վասն Արցախի երիտասարդների

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 17-18-ը ԼՂՀ-ում անցկացվել է Համաարցախյան երիտասարդական երրորդ համաժողովը, որի ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի երիտասարդության հիմնախնդիրները, Հայաստան-Արցախ շփումների երիտասարդական ասպեկտները, ներկայացվեցին Արցախի և Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության ուղղությունները։ Հավաքին մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը։

Համաժողովի ընթացքում կազմվեցին տարբեր թեմաներով աշխատանքային խմբեր, որոնք վարում էին Հայաստանից ժամանած թրեյներները։ Քննարկվեցին Արցախի երիտասարդության ազգային խորհրդի ստեղծման նախապայմաններն ու հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի մարզերում գործող երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնների փորձը։ ԼՂՀ պետական մարմինների ղեկավարները նշեցին, որ ՀՀ մարզային երիտասարդական կենտրոնների փորձն ուսանելի է, և այդ մոդելը պատրաստվում են ներդնել նաև Արցախում։