NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Պաշտպանը եվ Սիմոնսը խոսել են զինծառայողների իրավունքներից
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտողարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Հայաստան -ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման երաշխիքների ապահովման հարցը: Սիմոնսը նշել է, որ Դաշինքի անդամ պետությունները մեծ ուշադրություն են դարձնում բանակում մարդու իրավունքների պաշտպանվածությանը և, այդ առումով, որպես դրական քայլ գնահատվել է Պաշտպանի զինծառայողների հարցերով խորհրդականի նշանակման փաստը:
Արմեն Հարությունյանը ներկայացնելով զինծառայողների հետ կապված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները նշել է, որ ՀՀ Պաշտպանության նախարարության հետ ձևավորված կառուցողական համագործակցությունը նպաստում է ոլորտում իրականացվող գործողությունների իրականացմանը:
Ի թիվս այլ հարցերի հանդիպման ընթացքում պարոն Սիմոնսը հետաքրքրվել է նաև մարտի մեկի իրադարձությունների քննության ընթացքից նշելով, որ Դաշինքի անդամ պետությունները բազմիցս են բարձրաձայնել օբյեկտիվ քննություն անցկացնելու կարևորության մասին: Պաշտպանը հույս է հայտնել, որ նոր ստեղծվելիք փաստահավաք խումբը կարող է դառնալ այն հիմնական վստահելի օղակը, որը կարող է պատասխանել այն բոլոր հարցերին, որոնց պատասխանները դեռևս չեն հնչել:
