Ահազանգի հետքերով

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, հոկտեմբերի 14-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ահազանգ է ստացվել, որ Իջևանում տեղակայված ՀՀ ՊՆ ենթակայության N զ/մ-ի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ. Խ-ն մի քանի օր առաջ սուր կտրող գործիքով իրեն վնասվածքներ է հասցրել նախաբազկի շրջանում: Պաշտպանի հանձնարարությամբ ռազմական և զինծառայողների հարցերով խորհրդական Ա. Ավետիսյանն ու արագ արձագանքման խմբի պատասխանատուները զինծառայողի առողջական վիճակին և դեպքի մանրամասներին ծանոթանալու նպատակով նույն օրն այցելել են զորամաս:

Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փ/գ-տ Հ. Պետրոսյանը հայտնել է, որ դեպքից մի քանի օր առաջ զինծառայողը զեկուցագիր է ներկայացրել հրամանատարին` ՌԴ մեկնող քրոջ հարսանյաց հանդեսին ներկա գտնվելու նպատակով իրեն կարճաժամկետ արձակուրդ տրամադրելու խնդրանքով, սակայն մերժվել է, քանի որ, ըստ զորամասի հրամանատարության, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն` ծառայության 8 ամիսը չլրացած զինծառայողներին արձակուրդ չի տրամադրվում (բացառությամբ դժբախտ դեպքերի (հարազատի մահ, ծանր հիվանդություն և այլն): Չհամակերպվելով քրոջ հարսանյաց հանդեսին չմասնակցելու փաստի հետ` Հ. Խ-ն դիմել է ինքնավնասման, որից հետո անհապաղ տեղափոխվել է զ/մ բուժմաս: Վերքերի զննությունից պարզվել է, որ զինծառայողի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Դեպքի կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել: Հ. Խ-ն բացատրության մեջ նշել է, որ ծառայությունից խուսափելու նպատակ չի հետապնդում, իսկ նման քայլի դիմել է հոգեկան անհավասարակշիռ վիճակից ելնելով:

Փ/գ-տ Պետրոսյանը հայտնել է նաև, որ դեպքի օրը հեռախոսագիր է ուղարկվել մարզի ռազմական ոստիկանության բաժին, որի հիման վրա նյութեր են նախապատրաստվել: Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ իրենց այցելության պահին Հ. Խ-ն զորամասում չէր և վերադարձել է քիչ ուշ: Նա ռազմական ոստիկանության աշխատակցի բանավոր պահանջով (առանց ծանուցագրի) զ/մ սպաներից մեկի ուղեկցությամբ դատաբժշկական փորձաքննություն անցնելու նպատակով ուղարկվել էր ռազմական ոստիկանության բաժին:

Պաշտպանի խորհրդական Ա. Ավետիսյանն առանձնազրույց է ունեցել Հ. Խ-ի հետ: Վերջինս նշել է, որ այդ արարքը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի պահին` քրոջ հարսանյաց հանդեսին չմասնակցելու պատճառով: Նա փաստել է, որ զ/մ հրամկազմի և մյուս զինծառայողների հետ խնդիրներ չունի, ցանկանում է շարունակել ծառայությունը և այդ մասին բացատրություն է տվել, թե զ/մ հրամանատարին և թե ռազմական ոստիկանության աշխատակցին: Միաժամանակ հավելել է, որ ռազմական ոստիկանության օպեր-լիազոր, կապիտան Է. Մեհրաբյանը հարցաքննության ընթացքում իրեն համոզել է ստորագրել երկու մաքուր թղթերի վրա, այն պատճառաբանությամբ, որ դրանք պետք է կցվեն գործին:
Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են նաև մարզի ռազմական ոստիկանության շտաբի պետ, փ/գ-տ Երիցյանի հետ: Ռազմական ոստիկանության բաժնի օպեր-լիազոր, կապիտան Է. Մեհրաբյանին հանդիպել չի հաջողվել, սակայն նրա հետ հեռախոսազրույցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները պահանջել են պարզաբանել, թե ինչ նպատակով է նա Հ. Խ-ին համոզել ստորագրել մաքուր թղթերի վրա: Է. Մեհրաբյանը հայտնել է, որ Հ. Խ-ն, որպես որոշ հոգեկան խնդիրներ ունեցող զինծառայող, գտնվում է ռազմական ոստիկանության մշտական հսկողության տակ և հսկողական վարույթի շրջանակներում նրա հետ պետք է պարբերաբար հանդիպումներ կազմակերպվեին, սակայն ժամանակի սղության պատճառով չեն հասցրել, ըստ այդմ դատարկ թղթերը ստորագրման են տրվել Հ. Խ-ին, իբրև թե, հետագայում լրացվելու և հսկողական վարույթին կցվելու համար:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետին` առաջարկելով հայտնաբերված դատավարական խախտումերի փաստի առթիվ ծառայողական քննություն անցկացնել և մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկել: