NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Փաստահավաք խումբը կարեւոր է
Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը երեկ հայտարարեց, որ շատ է կարեւորում, իր ձեւակերպմամբ` Եվրախորհրդի ճնշման ներքո ստեղծվելիք փաստահավաք խմբի գործունեությունը:
Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ` իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կիրառելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Ջհանգիրյանը իր գործով երեկվա դատական նիստի ավարտից հետո ընդդիմությանը կոչ արեց մասնակցել փաստահավաք խումբը գործունեությանը, եթե այն ստեղծվի օրենքի հիման վրա:
«Փաստահավաք խմբի ստեղծումը մահվան դատավճիռ է Նիկոյանի հանձնաժողովի համար: Եթե այդ հանձնաժողովը կստեղծվի օրենքի հիման վրա եւ նրա լիազորությունները կսահմանվեն օրենքով ... այսինքն` մոտավորապես նախաքննական մարմնի բնորոշ պիտի լիազորություններ ունենա, որպեսզի այդ հանձնաժողովին ընդդիմությունը մասնակցի: Եթե մասնակցի, ուրեմն մարտի 1-2-ի դեպքերը` ամեն ինչ կբացահայտվի: Մեզ համար` քաղբանտարկյալների համար, դա` 300 եւ 225 հոդվածներով առաջադրված անհիմն մեղադրանքների փուչիկները կպայթեն, որովհետեւ կպարզվի, որ ոչ մի իշխանության զավթում չի եղել, ոչ մի մասսայական անկարգություն չի եղել, այդ բոլորը եղել է ոստիկանության ապօրինի գործողությունների հետեւանքով` որպես բողոքի դրսեւորում, հետո էլ իրենք այդ բողոքի դրսեւորումը էլի ջարդել են` զենքով, հրազենով, զինվորական ստորաբաժանումներով», - հայտարարեց գլխավոր դատախազի նախկին տեղակալը:
